Մարտիրոս Սարյանի անհայտ էջերը. Ազգային գրադարանում բացվել է Վարպետի հիշատակին նվիրված ցուցահանդես (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Մարտիրոս Սարյան․ Վարպետի հիշատակին» խորագրով բացառիկ ցուցահանդեսը:
Այն այցելուներին հնարավորություն է տալիս Վարպետի արվեստին նայել բոլորովին նոր, հաճախ հանրությունից թաքնված անկյունից՝ գրքային պատկերազարդումների և արխիվային ազդագրերի միջոցով:
Ցուցահանդեսի հիմքում Ազգային գրադարանի ֆոնդերում պահպանվող սարյանական հավաքածուն է՝ Վարպետին նվիրված գրքեր, ալբոմներ, հետազոտություններ և բացիկներ: Առանձնահատուկ տեղ են գրավում Սարյանի նկարազարդումներով հայերեն և օտար լեզուներով հրատարակությունները։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն իր հերթին Ազգային գրադարանին է նվիրել Վարպետի տարբեր տարիների ցուցահանդեսների բացառիկ ազդագրեր, պաստառներ, բացիկներ և տուն-թանգարանի մի շարք նոր հրատարակություններ:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ այս նյութերը միայն գեղագիտական արժեք չեն ներկայացնում. դրանք պատմական վավերագրեր են, որոնց շնորհիվ հնարավոր է վերականգնել Սարյանի ստեղծագործությունների իրական ժամանակագրությունը:
«Դիտարկելով այն փաստը, որ այդ նյութերը բացառիկ են և միգուցե ընդամենը մեկական օրինակ են մնացել Սարյանի թանգարանում կամ Ազգային գրադարանում, պետք է դրանք ճանաչել որպես վտանգված ժառանգություն։ Այսինքն՝ մենք կարող ենք դա կորցնել, և որպես առաջնահերթություն պետք է դիտարկել դրանց թվայնացումն ու թվային փոխակերպումը»,- ընդգծում է Չուլյանը՝ հավելելով, որ պաստառների «փրկության» և ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունը եղել է հենց գրադարանից, երբ պատահական հայտնաբերվել է այդ արխիվային ունեցվածքը:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանն էլ նշում է, որ նյութերի փոխանցումը գրադարանին շատ կարևոր քայլ է։
«Շատ կարևոր է, որ նախ մենք պահպանել ենք յուրաքանչյուր ցուցահանդեսի պաստառ, բուկլետներ։ Յուրաքանչյուր ցուցահանդես նաև ունենում է իր բացիկները, բոլոր գրքերը, որոնք հրատարակել է թանգարանը և ոչ միայն թանգարանը, այսինքն՝ այն ամենը, բոլոր նյութերը, որոնք կապված են Սարյանի հետ»,- նշեց Իսահակյանը:

Վարպետի թոռնուհին՝ տուն-թանգարանի գլխավոր ավանդապահ Սոֆիա Սարյանն ընդգծեց, որ գրադարանի առաջարկը ստիպել է նորովի նայել սեփական արխիվներին:
«Գրադարանի կողմից առաջարկ եղավ, և քանի որ դրանք պահպանվում էին մեզ մոտ՝ արխիվում, այդ առաջարկի շնորհիվ մենք նույնպես արժևորեցինք այս պաստառները, ազդագրերը, մեզ մոտ գրանցեցինք և մի մասը հանձնեցինք գրադարանին»,- նշեց Սարյանը:

