Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի կազմը. ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ, ռեժիսորներ և հեղինակներ
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։
Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, որը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է, որի ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար:
Ժյուրիի կազմում է նաև իռլանդա-շոտլանդացի կինոպատմաբան և ռեժիսոր Մարկ Քազընսը, որի աշխարհահռչակ «Կինոյի պատմությունը. Ոդիսական» վավերագրական սերիալը դարձել է ժամանակակից կինոքննադատության հիմնարար գործերից մեկը: Նա հեղինակել է բազմաթիվ գրքեր և վավերագրական ֆիլմեր:
Ժյուրիի մեկ այլ անդամ է նաև արգենտինացի դերասան Նաուել Պերես Բիսկայարտը, որն առավել հայտնի է Ռոբեն Կամպիյոյի ֆրանսիական «Րոպեում 120 հարված» ֆիլմում (2017) գլխավոր դերակատարմամբ, ինչի համար արժանացել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների:
Ժյուրիի կազմում է նաև կանադացի գրող, պրոդյուսեր և երկարամյա կինոհամադրող Մարկ Պերանսոնը, որը եղել է Բեռլինալեի և Լոկառնոյի կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, իսկ կինոյի մասին նրա հոդվածները տպագրվել են «Sight and Sound», «Film Comment», «Cahiers du Cinéma» և այլ հեղինակավոր պարբերականներում:
Գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր Շերմին Լանգհոֆը 2013-ից ի վեր Բեռլինի Գարկու թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ թատրոնը Գերմանիայում երկու անգամ ճանաչվել է «Տարվա թատրոն» և արժանացել բազմաթիվ մրցանակների:
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։
Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։

