Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը (ՖՈՏՈ)

03.06.2026, 11:56
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի
Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։

Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։

храм Звартноц, музей-заповедник

Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 26 մլն 205 հազար դրամ (19 մլն 800 հազար դրամ՝ պետական բյուջեից, 6 մլն 405 հազար դրամ՝ ՊՈԱԿ-ի արտաբյուջեից)։

храм Звартноц, музей-заповедник

Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում վերջին երեք տարիներին պետական միջոցներով մոտ 170 միլիոն դրամի ներդրում է իրականացվել. ամբողջությամբ փոխվել են սալահատակը, ոռոգման համակարգը, վերականգնվել է հնձանը, նորոգվել է Զվարթնոցի թանգարանի շենքի տանիքը, իրականացվել է լուսավորության նախագիծը, նախատեսվում են նաև այլ աշխատանքներ:

храм Звартноц, музей-заповедник

Նրա խոսքով՝ կատարված աշխատանքները միտված են հուշարձանի պահպանմանը և հանրահռչակմանը․ 2026 թվականի առաջին կիսամյակում, 2025-ի առաջին կիսամյակի հետ համեմատ, մոտ 15%-ով ավելացել է այցելուների թիվը:

Միջոցառման ընթացքում լուսային նորարարական լուծումների, ինստալացիաների և անիմացիայի համադրմամբ ներկայացվել է Զվարթնոց տաճարի հարուստ պատմությունը։ Տեղի է ունեցել նաև համերգ. հնչել է ջազ երաժշտություն։