Քրեականացվել է բժշկական փորձաքննությունից հրաժարվելը զինծառայությունից խուսափելու դեպքում

03.07.2026, 17:52
Սահմանվել է պատիժ՝ ազատազրկում մեկից երեք տարի ժամկետով
Քրեականացվել է բժշկական փորձաքննությունից հրաժարվելը զինծառայությունից խուսափելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ն արտահերթ նիստում այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ քրեական պատասխանատվություն է սահմանվել զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, զորակոչից, զորահավաքից կամ վարժական հավաքներից խուսափելու գործերով քրեական վարույթի շրջանակում նշանակված բժշկական զննությունից կամ փորձաքննությունից, ինչպես նաև անալիզի համար նմուշներ հանձնելուց քաղաքացու հրաժարվելու կամ խուսափելու համար։

Նրա խոսքով՝ սահմանվել է պատիժ՝ ազատազրկում մեկից երեք տարի ժամկետով։

Ալեքսանյանը նշեց, որ օրենսդրական լուծումն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ քաղաքացին ծառայությունից ազատվել է կամ տարկետում է ստացել կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա և, այդ հանգամանքը թաքցնելու համար, հրաժարվում է լրացուցիչ բժշկական զննությունից կամ անալիզի համար նմուշներ հանձնելուց։

«Այս լուծումը կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու դեպքերի կրճատմանը, ինչպես նաև հնարավորություն կտա արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում նման կեղծ հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց արարքներին», - ասաց Ալեքսանյանը։