Նավասարդ տոնը վերականգնվեց՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և միասնության օր
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդոււնել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։
Նախաձեռնության հեղինակ, պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությունները հիմնականում պահպանում են գործող տոներն ու հիշատակի օրերը, սակայն նախատեսում են դրանց կանոնակարգում։
Նազարյանի առաջարկով՝ տոների և հիշատակի օրերի ժամանակացույցում ներառվել է նաև Նավասարդը՝ որպես հայերի ազգային ավանդույթների, մշակույթի և միասնության օր:
Տոնը, որը կնշվի օգոստոսի 11-ին, կնպաստի ազգային մշակույթի պահպանմանն ու հանրայնացմանը, ինչպես նաև կարևոր ամսաթիվ կդառնա սփյուռքի ներկայացուցիչների ժամանման և հանդիսություններին մասնակցելու համար: Օրը կլինի աշխատանքային:
Նազարյանի առաջարկով սահմանվել են նաև առանձին տոնական կամ հիշատակի օրեր ազգային փոքրամասնությունների համար՝ որպես ոչ աշխատանքային:
Պատգամավորը նաև հայտարարել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներին՝ Սուրբ Ծննդյանը և Աստվածահայտնությանը, Սուրբ Զատկին, Վարդավառին, Սուրբ Աստվածածնի Վերափոխմանը և Խաչվերացին հաջորդող մեռելոցների աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հարցը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը:
Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է, Երևանի օրվա նման տոնական օրեր սահմանել նաև մարզերի համար՝ հաշվի առնելով կլիմայական առանձնահատկությունները, ինչը կնպաստի նաև ներքին տուրիզմի զարգացմանը:

