Փաշինյանը չի բացառել Սահմանադրության փոփոխության համար արտահերթ ընտրությունների գնալը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Սահմանադրության փոփոխության հարցով արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե չհաջողվի ընդդիմությանը համոզել գնալ այդ գործընթացին։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը՝ նա հայտնել է, որ ինքն ադրբեջանական կողմին ասել է, որ Հայաստանի համար ընդունելի չէ Ադրբեջանի կողմից անընդհատ Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցերի բարձրացմանը, քանի որ դա Հայաստանի ներքաղաքական օրակարգն է։
«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է․ նրանք ասել են, որ ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարցն է, և որևէ մեկը Հայաստանի ու մյուս երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի», - ասել է վարչապետը ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը չպետք է հրաժարվի Սահմանադրությունը փոխելու օրակարգից՝ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։
«Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա մեր արդեն իսկ նախընտրական և կառավարության ծրագրի մասն է։ Ինչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ։ Հիմա, եթե Ադրբեջանն այդպիսի բան է ասում, մենք ասե՞նք՝ վերջ, մեր օրակարգից հրաժարվո՞ւմ ենք, չե՞նք գնալու այս ճանապարհով։ Ո՛չ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով և պետք է նոր Սահմանադրություն ունենանք։ Ես դրա մասին բազմիցս խոսել եմ։ Դա շատ կարևոր և սկզբունքային հարց է»,– ասել է վարչապետը։
Նա հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, կսկսվեն հանրային քննարկումները, որից հետո այն կներկայացվի խորհրդարան։
«Մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է։ Սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել, չստացվե՞ց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով․ այդ թվում՝ կարող ենք արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է», - նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ իր առջև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ հանձնառություն կա՝ կապված ինչպես Սահմանադրության փոփոխության, այնպես էլ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման հետ։
«Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի ժողովուրդն այս հանձնառությունն ուզում է տեսնել իրագործված, ուրեմն մենք ժողովրդի հետ միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք։ Եթե Հայաստանի ժողովուրդը չի տեսնում այդ հանձնառությունը իրագործելու հանձնառություն, մի քանի պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է», - հայտարարել է վարչապետը։

