«Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված»․ Փաշինյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի Հայաստան–Թուրքիա սահմանի բացման հետ կապված, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանի բացմանը խոչընդոտող հանգամանքներին։
«Այսօր պրոցեսները գտնվում են այդ կետում։ Մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որպեսզի կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության և հարաբերությունների կարգավորման գործընթացն բավականաչափ հասունացել է, որպեսզի կողմերը կարողանան ցանկացած պահի որոշում կայացնել սահմանի բացման վերաբերյալ։
«Մենք կարող ենք արթնանալ, օրինակ, երկուշաբթի օրը, կամ, պայմանական, վաղն արթնանալ և տեսնել, որ հայ-թուրքական սահմանը բացվել է», - ասել էր նա լրագրողներին COP17-ի շրջանակում Երևանում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։
Հայ-թուրքական երկխոսության մասին
Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերի թվում էին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
2021 թվականի դեկտեմբերին նշանակվեցին հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ․ Հայաստանի կողմից՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի կողմից՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
2023 թվականի հունվարի 1-ից երկրների միջև թույլատրվել են ուղիղ օդային բեռնափոխադրումները։ Այնուհետև 2024–2026 թվականներին կողմերը պայմանավորվեցին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացումը, քննարկեցին երկաթգծի, Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի և ավիաչվերթների թվի ավելացման նախագծերը։
2026 թվականի մարտի 11-ից Turkish Airlines ավիաընկերությունը գործարկել է ուղիղ չվերթ Ստամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով։
Ապրիլի 28-ին Կարսում կայացել է Գյումրի–Կարս երկաթուղու վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Անիի միջնադարյան սահմանային կամրջի վերականգնման մասին արձանագրության ստորագրման, իսկ մայիսի 23-ին՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքների մատակարարման համար Ախալքալաք (Վրաստան)–Կարս (Թուրքիա) երկաթգծի բացման մասին։

