«Այդպիսի բաներից խուսափել հնարավոր չէ». Միրզոյանը՝ Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի հովվի մասին

21.10.2026, 20:25
Միրզոյանը մեկնաբանել է ադրբեջանցի հովվի՝ հայկական սահմանն անցնելու մասին հաղորդագրությունները՝ նշելով, որ նման միջադեպեր տեղի են ունենում երկու կողմերից էլ
«Այդպիսի բաներից խուսափել հնարավոր չէ». Միրզոյանը՝ Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի հովվի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ադրբեջանցի հովվի՝ հայկական սահմանն անցնելու մասին հաղորդագրությունները՝ նշելով, որ նման միջադեպեր տեղի են ունենում երկու կողմերից էլ։

Մի շարք ԶԼՄ-ներ չորեքշաբթի հայտնել են, որ ադրբեջանցի հովիվն անցել է Հայաստանի սահմանը․ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում տվյալ պահին չկա։

«Վայ այդ քաղաքական ուժին, որը մտածում է, որ իր երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է։ Այդպիսի բաներ լինում են․ իրենց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Խաղաղության հաստատումից հետո էլ, առաջ էլ լինում են այդպիսի դեպքեր։ Փառք Աստծո, այդպիսի դեպքերին շատ կառուցողական են երկու կողմերն էլ վերաբերվում՝ օգնում են, վերադարձնում են», - հայտարարել է Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում։

Նա հիշատակել է նաև վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ ադրբեջանցի զինծառայողն անցել էր Հայաստանի սահմանը և հանցագործություն գործել (կրակել էր Շաքի գյուղի բնակչուհու ոտքին և վնասվածքներ հասցրել նրա երկու երեխաներին - խմբ.)։

«Այդպիսի բաներից խուսափել հնարավոր չէ կյանքում, եթե տենց պատ չենք շարում։ Եվ մենք, հուսով եմ, պատ չենք շարի, կգանք ավելի համագործակցային լուծումների», - ասել է նա։

Մեկնաբանելով նման միջադեպերի քննադատությունը՝ Միրզոյանը հայտարարել է, որ հակամարտությանը վերադառնալը չի բխում Հայաստանի շահերից։

«Դուք անընդհատ փորձում եք ասել՝ բայց կա այս վատ բանը։ Կա՛, գիտե՛մ։ Հիմա ի՞նչ անենք․ ասե՞նք՝ վերջ, փակե՞նք, նորից վերադառնա՞նք հակամարտության։ Սա լավ ճանապարհ չի Հայաստանի համար», - նշել է նախարարը։