Տղամարդու բրոնխում հայտնաբերվել է 2 տարի առաջ կորցրած ատամնապրոթեզը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Ստերլիտամակ քաղաքի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները տղամարդու աջ բրոնխից հեռացրել են ատամնապրոթեզ, որը նրա շնչուղիներում էր հայտնվել մոտ երկու տարի առաջ։
Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Բաշկորտոստանի Հանրապետության առողջապահության նախարար Այրաթ Ռախմատուլլինը։
Տղամարդը գրեթե մեկ տարի շարունակ տառապել է հազից, սակայն բժշկական օգնության չի դիմել՝ այն վերագրելով տարիքին կամ մրսածությանը։ Հոկտեմբերի սկզբին նրա վիճակը վատացել է, և նա հոսպիտալացվել է ինֆեկցիոն հիվանդանոց՝ թոքաբորբի կասկածով։
Առաջնային հետազոտության ընթացքում բժիշկները աջ բրոնխում օտար մարմին են հայտնաբերել։ Հիվանդի հետ ավելի մանրամասն զրույցի ընթացքում պարզվել է, որ մոտ երկու տարի առաջ նա արթնացել էր և նկատել, որ քնած ժամանակ կորցրել է ատամնային պրոթեզը, սակայն նա այդ փաստին ուշադրություն չէր դարձրել։
Այնուհետև տղամարդուն տեղափոխել են թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի էնդոսկոպիկ բաժանմունք՝ բրոնխոսկոպիա իրականացնելու համար։ Միջամտության ընթացքում բժիշկները հատուկ օղակի օգնությամբ հեռացրել են պրոթեզը, որը տեղակայված էր աջ միջանկյալ բրոնխի լուսանցքում։
Առողջապահության նախարարի հաղորդմամբ՝ օտար մարմինը հեռացվել է՝ առանց բրոնխների հյուսվածքները վնասելու։ Դրանով վերացվել է քրոնիկ հազի պատճառը, և տղամարդուն սպասվում է վերականգնման փուլ։ Նրա առողջությանը վտանգ չի սպառնում:


