Flydubai-ի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է գլխավոր օդաչուի վրա․ միջադեպը պաշտոնապես որակվել է որպես ահաբեկչության փորձ

03.10.2026, 23:09
Երկրորդ օդաչուն անձնակազմի խցիկում վթարային կացնով հարձակվել է օդանավի գլխավոր օդաչուի վրա և փորձել իր վերահսկողության տակ վերցնել ինքնաթիռի կառավարումը
Flydubai-ի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է գլխավոր օդաչուի վրա․ միջադեպը պաշտոնապես որակվել է որպես ահաբեկչության փորձ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ավիաընկերության FZ1073 չվերթի երկրորդ օդաչուն փորձել է ահաբեկչություն իրականացնել, հայտարարել է ԱԱԷ գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ-Շամսին:

Նրա խոսքով՝ երկրորդ օդաչուն անձնակազմի խցիկում վթարային կացնով հարձակվել է օդանավի գլխավոր օդաչուի վրա և փորձել իր վերահսկողության տակ վերցնել ինքնաթիռի կառավարումը:

Սա էմիրաթցի քննիչների առաջին հայտարարությունն է, որն ուղղակիորեն տեղի ունեցածը որակում է որպես ահաբեկչության փորձ, գրում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին: Ինքնաթիռն ուղղորդվել է Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուկի օդանավակայան, որտեղ բարեհաջող վայրէջք է կատարել: Reuters-ի տվյալներով՝ օդանավում եղել է ավելի քան 170 ուղևոր և անձնակազմի անդամ, ուղևորների մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են եղել:

Իրավիճակը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել անձնակազմի անդամների և ուղևորների գործողությունների շնորհիվ: Ինքնաթիռի կառավարումն իր վրա է վերցրել օդանավում գտնվող Flydubai-ի պահեստային օդաչուն:

Քննությունը վարում են ԱԱԷ իշխանությունները: Գլխավոր դատախազի խոսքով՝ քննությունը պետք է պարզի տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, երկրորդ օդաչուի շարժառիթները և միջադեպի հետ կապված հնարավոր կապերը: Ուսումնասիրվում են իրեղեն և թվային ապացույցները: Վերջնական արդյունքները կհրապարակվեն անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո:

Reuters-ը, հղում անելով երկու աղբյուրի, երկրորդ օդաչուին նույնականացնում է որպես Օմանի քաղաքացի Համմամ Ալ-Համմամի. պաշտոնապես ԱԱԷ-ն նրա անունը դեռևս չի նշել:

Նաև պարզվել է, որ 2025 թվականին նա երեքամսյա վերապատրաստում է անցել Royal Air Maroc-ում, սակայն դրանից հետո ընկերությունը մերժել է նրան աշխատանքի ընդունել: Կասկածյալի շարժառիթն ու հնարավոր կապերը շարունակում են քննվել: