Նյու Յորքում կարմրուկի բռնկումից հետո արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նյու Յորքում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Այս մասին ասված է Նյու Յորքի կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է aif-ը։
«Նյու Յորքում կարմրուկի դեպքերի վերաբերյալ վերջին տվյալների ուսումնասիրությունից հետո ես նահանգում արտակարգ դրություն եմ հայտարարում՝ այս հիվանդության դեմ մեր ընթացիկ պայքարի ջանքերն ուժեղացնելու համար», — հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը։
Հրամանագրի շրջանակում կընդլայնվի պատվաստումներ իրականացնող բուժաշխատողների շրջանակը։ Դրանում կընդգրկվեն պարամեդիկները, ընդլայնված շտապօգնության մասնագետները, դեղագործներն ու մանկաբարձները։ Բժիշկներին զուգահեռ կարմրուկի թեստավորում նշանակելու թույլտվություն է տրվել նաև բուժքույրերին։
Իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ նահանգում հաստատվել էր կարմրուկի 108 դեպք՝ 7-ը՝ Նյու Յորքում և 101-ը՝ նահանգի այլ վայրերում։ Հուլիսի 15-ից ի վեր 18 շրջանների թերպատվաստված գյուղական համայնքներում հայտնաբերվել է 92 դեպք։ Այս ընթացքում առողջապահության ոլորտի աշխատողները նահանգի գյուղական վայրերում ներարկել են ԿԿԽ պատվաստանյութի ավելի քան 1000 դեղաչափ։

