Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ուսումնասիրելու նպատակով խորհրդարանում կստեղծվի քննիչ հանձնաժողով
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հոկտեմբերի 20-ին կառաջարկի խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծել՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բռնությունների և անկարգությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար։
Այս մասին ասվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի՝ հոկտեմբերի 18-ին հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովը կուսումնասիրի բռնի գործողություններ կատարող խմբերի գործելակերպը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանման ռազմավարությունը՝ քաղաքային անկարգությունների նոր ձևերի պայմաններում։
Հանձնաժողովի նպատակն է պարզել տեղի ունեցած անկարգությունների և թալանի դեպքերի հանգամանքներն ու պատասխանատուներին, ինչպես նաև գնահատել՝ որքանով էին այդ իրադարձությունները կանխատեսելի, և ինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց արձագանքելու համար։
Ուսումնասիրության շրջանակում նախատեսվում է նաև վերլուծել հասարակական կարգի պահպանման համար կիրառված միջոցառումների ծավալն ու մոտեցումները և բացահայտել հնարավոր թերացումները։
Հանձնաժողովի աշխատանքի արդյունքները պետք է օգնեն կանխել նման դեպքերի կրկնությունը, ապահովել հասարակական կարգը և ավելի լավ պաշտպանել Ֆրանսիայի քաղաքացիներին, ինչպես նաև նրանց՝ ազատ և անվտանգ հավաքների իրավունքը։
Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ի բողոքի ակցիաների և անկարգությունների մասին
Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի են ունեցել վերջին տարիների խոշորագույն բողոքի ցույցերից մի քանիսը։ ՆԳՆ տվյալներով՝ դրանց մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ կազմակերպիչների գնահատմամբ՝ 800 հազար։
Ցույցերն անցկացվել են Փարիզում, Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Լիլում, Ստրասբուրգում և այլ քաղաքներում։
Խաղաղ ցույցերը որոշ քաղաքներում վերածվել են բռնի բախումների։ Հրկիզվել են ավտոմեքենաներ, վնասվել խանութներ և պետական շենքեր։ Լիմոժում հրդեհից զգալիորեն տուժել է XIX դարում կառուցված քաղաքապետարանի պատմական շենքը։
Հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 2 հազար մարդ, տուժել է ոստիկանության ավելի քան 600 աշխատակից։ Փարիզում ցույցի մասնակիցներից մեկը մահացել է սրտի կանգից հետո։
Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերին՝ ուսուցիչների պակասից և կրթական հաստատությունների վիճակից դժգոհ աշակերտների ելույթներով։ Հետագայում նրանց միացել են արհմիություններն ու բնակչության այլ խմբեր՝ բողոքելով կյանքի թանկացման, սոցիալական անհավասարության և պետական ծախսերի կրճատման դեմ։
Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն բռնությունների պատասխանատվությունը դրել է ծայրահեղ ձախ խմբավորումների և հանցագործների վրա։ Նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է պետական հաստատությունների դեմ հարձակումները։

