Մինչև 250 հազ. դրամ վաուչեր՝ ուսուցման համար․ Հայաստանում կգործարկվի զբաղվածության նոր ծրագիր

22.10.2026, 12:14
Ծրագրերի միավորումը թույլ կտա բարձրացնել աջակցության հասցեականությունն ու արդյունավետությունը
Մինչև 250 հազ. դրամ վաուչեր՝ ուսուցման համար․ Հայաստանում կգործարկվի զբաղվածության նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում անապահով ընտանիքների աշխատունակ անդամների, 2020 թվականից հետո ռազմական գործողությունների մասնակցած և զորացրված զինծառայողների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության 3 ծրագիր կմիավորվի մեկում։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում։

Ինչպես նշել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, ծրագրերի միավորումը թույլ կտա բարձրացնել աջակցության հասցեականությունն ու արդյունավետությունը և շահառուների համար ավելի հասկանալի դարձնել դիմելու կարգն ու ակնկալվող արդյունքները։

Նոր ծրագիրը բաղկացած կլինի 3 հիմնական փուլից։

Կրթական վաուչեր՝ մինչև 250 հազար դրամ

Առաջին փուլում շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ մեկանգամյա էլեկտրոնային վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար։

«Վաուչերը հնարավոր կլինի օգտագործել տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում, իսկ ուսուցման ավարտին շահառուն կստանա համապատասխան վկայական», - նշել է Թորոսյանը կառավարության նիստում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ երաշխավորված կրթական ծրագրերի ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքի՝ «Սոցիալական կրեդիտ» բաժնում։

«Այս պահին ունենք 2342 երաշխավորված ծրագիր՝ շատ բազմազան տարբեր ոլորտներից»,- նշել է Անդրեասյանը։

Գործատուներին կփոխհատուցվի եկամտային հարկը

Ծրագրի երկրորդ փուլով ֆինանսական աջակցություն կտրամադրվի գործատուներին, որոնք վաուչերով ուսուցում անցած և համապատասխան վկայական ստացած անձանց աշխատանքի կընդունեն իրենց մասնագիտությամբ և նրանց հետ կկնքեն առնվազն 3 ամսվա աշխատանքային պայմանագիր։

«Գործատուին կփոխհատուցվի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարը՝ առաջին 3 ամիսներին 50%-չափով (առավելագույնը՝ 25,000 դրամ), իսկ 4-ից 6-րդ ամիսներին 100 %-ի չափով (ամսական առավելագույնը՝ 50,000 դրամ)», - նշել է նախարարը։

Շահառուներին կտրամադրվի մինչև 200 հազար դրամ աջակցություն

Ծրագրի երրորդ փուլով նախատեսվում է միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրել նաև շահառուներին։

«Եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն 3 ամիս, ապա կփոխհատուցվի 100,000 դրամի չափով, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ 200,000 դրամի չափով», - հայտնել է Թորոսյանը։

Ինչպե՞ս է իրականացվելու ծրագիրը

Նախարարի խոսքով՝ ծրագրի բոլոր գործընթացները կիրականացվեն էլեկտրոնային թվային հարթակի միջոցով, ինչը թույլ կտա բարձրացնել ծրագրի հասանելիությունն ու թափանցիկությունը և նվազեցնել վարչական բեռը։

«Ծրագրի մեկնարկը լինելու է հունվարի, 1–ից և ընդգրկելու է այսօրվա հաշվարկներով՝ մոտ 1500 շահառու»,- հայտնել է նա։

Ըստ Թորոսյանի՝ ծրագիրը բյուջետային հավելյալ ֆինանսավորում չի պահանջվելու, որովհետև նշված 3 ծրագրերն արդեն իսկ ունեն բյուջետային ֆինանսավորում, պարզապես դրանք միավորվելու են մեկ տողում։