Կառավարության պատվիրակությունը Սյունիքում քննարկել է TRIPP ենթակառուցվածքի նախագծման աշխատանքների մեկնարկը

22.10.2026, 11:13
Այցելությունը կատարվել է TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով
Կառավարության պատվիրակությունը Սյունիքում քննարկել է TRIPP ենթակառուցվածքի նախագծման աշխատանքների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ։

Այս մասին հայտնել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ տրամադրած հաղորդագրության, այցելությունը կատարվել է TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։

TRIPP նախագծի մասին

« Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար։

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը։

Նախագծով նախատեսվում է երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացում։ Համաձայն շրջանակային համաձայնագրի՝ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունն ու իրավասությունը իր տարածքում գտնվող նախագծի ենթակառուցվածքների նկատմամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ AECOM միջազգային ինժեներական-խորհրդատվական ընկերության մասնագետներն իրականացրել են TRIPP-ի իրականացման տարածքի հետազոտություն՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման համար։

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղաբաշխման տեխնիկական հարցերը, ինչպես նաև աշխատանքների հետագա համակարգումը։