Հայաստանում քննարկում են գոլֆի զարգացման և մասսայականացման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը և The R&A միջազգային կազմակերպության՝ Եվրոպայի տարածաշրջանում գոլֆի զարգացման հարցերով տնօրեն Զոի Թաքերը քննարկել են Հայաստանում գոլֆի զարգացման հեռանկարները, մարզաձևի մասսայականացման, երեխաների և երիտասարդների ներգրավման, մարզական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Թաքերը ներկայացրել է The R&A կազմակերպության գործունեությունն ու գոլֆի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով Հայաստանի ներուժը մարզաձևի զարգացման տեսանկյունից։ Միջազգային կառույցը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում գոլֆի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կրթական ռեսուրսներ և միջազգային փորձ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը։ Նա ներկայացրել է մարզաձևի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Մասնավորապես՝ քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում գոլֆի ճանաչողական և ուսուցողական վարպետության դասերի կազմակերպման, ինչպես նաև դպրոցներում շարժական փոքրածավալ դաշտերի տեղադրման հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև մասնագիտական վերապատրաստման ծրագրերին, որոնց շրջանակում հնարավոր է կազմակերպել մարզիչների և կամավորների վերապատրաստում՝ միջազգային մասնագետների ներգրավմամբ։ Շեշտվել է նաև գոլֆի զարգացման զբոսաշրջային ներուժը՝ նշելով, որ մարզաձևը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ Հայաստանում գոլֆի զարգացման և մարզաձևի մասսայականացման նպատակով։
Ընկերության մասին
The R&A-ն գոլֆի կառավարման և զարգացման միջազգային կազմակերպություն է, որը տեղակայված է Սենթ Էնդրյուսում (Շոտլանդիա)։ 2004 թվականին ստեղծվեց The R&A ընկերությունների խումբը, որին փոխանցվեցին գոլֆի կանոնների կարգավորման, միջազգային մրցումների կազմակերպման և այս մարզաձևի զարգացման գործառույթները։
Կազմակերպությունը ԱՄՆ գոլֆի ասոցիացիայի (USGA) հետ համատեղ մասնակցում է գոլֆի միասնական միջազգային կանոնների մշակմանը, կազմակերպում է հեղինակավոր մրցաշարեր, ներառյալ The Open-ը և AIG Women’s Open-ը, և նպաստում է գոլֆի մասսայականացմանը ամբողջ աշխարհում։
Գործունեության հիմնական ուղղություններն են՝ գոլֆի զարգացումը երեխաների, երիտասարդների և կանանց շրջանում, մասնագետների պատրաստումը, մարզական ենթակառուցվածքների կատարելագործումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։

