Երևանում 26-ամյա անձը պայուսակ է հափշտակել և դիմել փախուստի
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, հոկտեմբերի 20-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի։
Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը։
Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը։
«26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշված է հաղորդագրության մեջ։

