Երկաթգիծ, ավտոճանապարհ և էլեկտրահաղորդման գծեր․ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել Սյունիք կատարած այցից

22.10.2026, 15:24
TRIPP-ի շրջանակում ի՞նչ է կառուցվելու Սյունիքում․ Գրիգորյանը ներկայացրել է նախագծման մանրամասները
Երկաթգիծ, ավտոճանապարհ և էլեկտրահաղորդման գծեր․ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել Սյունիք կատարած այցից

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտոնատար անձինք տեղում ծանոթացել են TRIPP-ի շրջանակում նախատեսվող երկաթգծի, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի հնարավոր դասավորությանը, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք երեկ նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով էինք այցելել․ տեղում ծանոթանում ենք ենթակառուցվածքների պոտենցիալ դասավորությանը։ Խոսքը վերաբերում է այս փուլում երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքին», - նշել է Գրիգորյանը կառավարության նիստում։

Երկաթգծի մասին

Նրա խոսքով՝ երկաթգծի հետ կապված ամեն բան պարզ է և Հայաստանի համար այնտեղ նոր բան չկա։

«Ավելի շատ ուզում էինք տեղում վերջնական, մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը, բայց թե որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում եմ, ակնհայտ է, և այստեղ քննարկելու բան չկա։ Այդ իմաստով նախագծման աշխատանքներն արդեն կմեկնարկեն», - նշել է փոխվարչապետը։

Ավտոճանապարհի մասին

Գրիգորյանի խոսքով՝ ավտոճանապարհի դեպքում դեռևս կան մոդելավորման ենթակա հարցեր՝ կապված բարդ անցանելի հատվածների հետ։

«Վերջնական լուծումը պետք է այնպիսին լինի, որ ճանապարհը մրցունակ լինի, որովհետև մենք խոսում ենք տրանզիտի մասին, իսկ տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերը մրցունակ կլինեն միայն այն դեպքում, եթե այն շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով», - նշել է նա։

Էլեկտրահաղորդման գծերի մասին

Էլեկտրահաղորդման գծերի մասով, ըստ Գրիգորյանի, իրավիճակն ավելի հստակ է, թեև որոշ հարցեր դեռ պետք է վերջնականացվեն և մոդելավորվեն։

«Կարծում եմ՝ այս 3 ենթակառուցվածքների մասով լիարժեք կարող ենք սկսել նախագծման աշխատանքները՝ չսպասելով մինչև ամփոփենք TRDC-ի («TRDC» — TRIPP Development Company — «TRIPP» զարգացման ընկերություն) ձևավորումը, որովհետև այդ աշխատանքը, ի վերջո, մենք կփոխանցենք այն փուլում, երբ ընկերությունը՝ TRIPP-ը, ձևավորվի և սկսի իր աշխատանքները։ Որպեսզի ժամանակ չծախսենք, մենք ճիշտ ենք համարում սկսել նախագծման աշխատանքներն այսօրվանից», - նշել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ներկայացնել նաև ավելի կոնկրետ էսքիզներ՝ հանրային քննարկման համար, որից հետո կմեկնարկեն բուն նախագծման աշխատանքները։

Սյունիք այցի մասին

Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել էին Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար։

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը։

Նախագծով նախատեսվում է երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացում։ Համաձայն շրջանակային համաձայնագրի՝ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունն ու իրավասությունը իր տարածքում գտնվող նախագծի ենթակառուցվածքների նկատմամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ AECOM միջազգային ինժեներական-խորհրդատվական ընկերության մասնագետներն իրականացրել են TRIPP-ի իրականացման տարածքի հետազոտություն՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման համար։

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղաբաշխման տեխնիկական հարցերը, ինչպես նաև աշխատանքների հետագա համակարգումը։

Կարդացեք նաև․ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց TRIPP-ի վերաբերյալ ՀՀ–ԱՄՆ համաձայնագրի վավերացմանը․ ի՞նչ արդյունքներ կարող է ակնկալել Հայաստանը