Հայաստանում խստացվել են ընտրություններին և հանրաքվեներին ՀՀ քաղաքացիների մասնակցության կանոնները

03.07.2026, 15:21
Փոփոխությունները նպատակաուղղված են համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման կարգում քաղաքացու՝ ՀՀ-ի հետ փաստացի ստուգելի և անընդմեջ կապի չափորոշիչի ամրագրմանը
Հայաստանում խստացվել են ընտրություններին և հանրաքվեներին ՀՀ քաղաքացիների մասնակցության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովն ուրբաթ կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել է, որ փոփոխությունները նպատակաուղղված են համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման կարգում քաղաքացու՝ ՀՀ-ի հետ փաստացի ստուգելի և անընդմեջ կապի չափորոշիչի ամրագրմանը։

«ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է քվեարկության օրը, և որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվան, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվան նախորդող 28-րդ օրվա դրությամբ նախորդող 730 օրվա ընթացքում փաստացի գտնվել են Հայաստանում առնվազն 366 օր», - նշել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ մեկ այլ փոփոխությամբ սահմանվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեն և քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։

«Նաև սահմանվել է, որ անհրաժեշտ է հստակեցնել այն դեպքերը, որոնք չեն հաշվարկվի որպես ՀՀ-ից բացակայություն։ Դրանք վերաբերում են հանրային ծառայության մեջ գտնվող անձանց՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելուն, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ նրա հետ արտերկրում բնակվելուն, ինչպես նաև արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությանը», - ասել է Ղազարյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունը շարունակում է անտեսել սահմանադրական կարգավորումները և ժողովրդի առջև հաշվետվողականության պարտավորությունը։

«Այս օրինագիծը բացառապես հակասահմանադրական է և ունի հստակ հակասահմանադրական ուղղվածություն։ Փորձ է արվում սահմանափակել Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը, և շտապողական ընդունումը վկայում է գործող իշխանությունների հակապետական մտածողության մասին», - նշել է Մինասյանը։