Ամռանը վտանգն ավելանում է. ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ջրահեղձությունից
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի Արմենիա/․ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են:
ՀՀ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ դժբախտ պատահարներից երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է:
ՀՀ Առողջապահության նախարարությունը ուղեցույց է ներկայացրել ամռանը լողավազաններում երեխաների ջրահեղձությունը կանխելու համար։
Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը
-Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրեք լողալու տարրական հմտություններ:-
-Համոզվեք, որ ջրային տարածքին մոտ երեխաները կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ, եթե նրանք լողալ գիտեն:
-Երեխաներին մի՛ թողեք առանց հսկողության, նույնիսկ, եթե նրանք կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն։
-Երեխային թույլատրեք լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ սահմանելով հսկողություն:
-Եթե ունեք լողավազան, շուրջը տեղադրեք մեկուսացնող ցանկապատներ:
-Մշտապես հետևեք երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրի մոտակայքում (ներառյալ լոգարանում):
-Ամեն անգամ, երբ երեխաները գտնվում են ջրի մեջ կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայից ձեռքի երկարության հեռավորությամբ:
-Մի՛ տարվեք այլ գործերով. ջրահեղձությունը տեղի է ունենում արագ և անձայն:
-Սովորեք առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար:
-Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմեք ջրահեղձ լինելու վտանգի մասին:
ԱՆ-ն հիշեցնում է, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում (մանկական լոգարան, դույլ, զուգարան), որտեղ անվտանգության կանոնների խստիվ պահպանումը նույնքան կենսական է:
Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք:
ԱՆ-ն հորդորում է չզբաղվել այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը:

