Հուլիսի 6–ից վարորդական իրավունքի վերականգնման դյուրացված ընթացակարգ է գործելու

02.07.2026, 17:28
Կարգավորումը չի տարածվում որոշ դեպքերի վրա
Հուլիսի 6–ից վարորդական իրավունքի վերականգնման դյուրացված ընթացակարգ է գործելու

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսից վարչական իրավախախտման համար վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական իրավունքն առանց կրկնակի քննություն հանձնելու սահմանված ընթացակարգերի պահպանման դեպքում, նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

«Հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ է մտնում, երկու իրավիճակ կարող ենք ունենալ․ առաջինը, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, հուլիսի 6-ից մինչև 1 տարվա ընթացքում անձինք կարող են դիմել, հերթագրվել օնլայն պլատֆորմով, օր վերցնել վարորդական իրավունքի վերականգնման համար, և այցելել հաշվառման–քննական ստորաբաժանում, պետական տուրքի 50,000 դրամ տեղում կատարեն համապատասխան վճարումը ու առանց քննության ստանան վարորդական իրավունքը»,- նշեց Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կարգավորումը չի տարածվելու այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են զրկված լինում վարորդական իրավունքից:

«Կարգավորումը տարածվելու է զուտ վարչական զրկումների վրա, օրինական ուժի մեջ մտած դատավճիռների դեպքում դա լուծելի չէ», – նշեց Փաշինյանն՝ ավելացնելով, որ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերը մնում են պետության առաջնահերթությունը։