Բացառում եմ. Փաշինյանը՝ եվրոպական ուղղությունից հրաժարվելու մասին

02.07.2026, 13:14
Փաշինյանը բացառել է, որ Հայաստանը կհրաժարվի եվրոպական կուրսից
Բացառում եմ. Փաշինյանը՝ եվրոպական ուղղությունից հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է, որ Հայաստանը կհրաժարվի եվրոպական կուրսից։

«Բացառո՞ւմ եմ արդյոք այն իրավիճակը, ինչպիսին եղավ 2013 թվականին, երբ Հայաստանը մեկ կամ երկու գիշերվա ընթացքում հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից և որոշում կայացրեց ԵԱՏՄ-ի կամ Մաքսային միության ուղղությամբ գնալ։ Հարցին պատասխանեմ կարճ և կոնկրետ՝ այո, բացառում եմ», - հայտարարել է նա Երևանում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է ՀՀ-ն, և մասնավորապես՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը», - ասել է Փաշինյանը։

Հայաստան – ԵԱՏՄ – ԵՄ

Հայաստանի իշխանությունները հռչակում են ԵՄ-ի հետ մերձեցման և եվրոպական ստանդարտներին անցնելու կուրս, միևնույն ժամանակ հայտարարում են ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին այնքան ժամանակ, քանի դեռ այս ուղղությունների համատեղումը հնարավոր կլինի։

Մոսկվան, իր հերթին, նախազգուշացնում է, որ Հայաստանի անցումը ԵՄ ստանդարտներին կարող է ունենալ տնտեսական հետևանքներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ նման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել ինտեգրացիոն տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի հետ, իսկ հանրապետությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառով էներգակիրների գների բարձրացման դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14%-ը։