ԿԳՄՍՆ–ն հայտնել է առաջին դասարանցիների գրանցման համակարգում տեղի ունեցած խափանման պատճառը

01.07.2026, 18:22
Առաջին դասարանցիների գրանցման համակարգում խափանումները պայմանավորված են եղել ոչ թե սերվերների տեխնիկական խնդիրներով, այլ օգտատերերի գործողություններով, նշում են նախարարությունից
ԿԳՄՍՆ–ն հայտնել է առաջին դասարանցիների գրանցման համակարգում տեղի ունեցած խափանման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է առաջին դասարանցիների գրանցման համակարգում տեղի ունեցած խափանումները։

ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ի սկզբանե ծնողներն իրենց օգտահաշիվներով չէին փորձել հայտագրել, այլ դա ցանկացել են կատարել առանց համակարգ մուտք գործելու, հայտնում է «Արմենպրես»-ը։

Նրա խոսքով՝ առաջին դասարանցիների գրանցման համակարգում խափանումները պայմանավորված են եղել ոչ թե սերվերների տեխնիկական խնդիրներով, այլ օգտատերերի գործողություններով։

Ծնողները փորձել են գործել հին սխեմայով՝ առանց անձնական էջ մուտք գործելու, և անընդհատ թարմացրել են էջը, ինչը հանգեցրել է համակարգի ծայրահեղ ծանրաբեռնվածության վայրկյանում մինչև 17 հազար թարմացում։

Նա նշեց, որ այդ հղումը փակելուց հետո ծանրաբեռնվածությունը թուլացավ և գործընթացը բնականոն շարունակվեց։

Պողոսյանի խոսքով՝ չնայած սկզբնական ծանրաբեռնվածությանը, համակարգն այնուամենայնիվ աշխատել է, և ծնողների մի մասը հասցրել է գրանցել իրենց երեխաներին։

Նա նաև հայտնեց, որ այս տարի նոր գործիքակազմ է ներդրվել՝ խուսափելու նախորդ տարիների վատ փորձից, երբ օգտահաշիվների տվյալները փոխանցվում էին այլ անձանց, ինչը հանգեցնում էր զանգվածային ծանրաբեռնվածության։

«Այս նոր գործիքակազմով ծնողները բացում են օգտահաշիվ, անցնում են խիստ նույնականացում և այդ մեկ օգտահաշվից կատարում հայտագրում»,- նշեց Պողոսյանը։

Նա նաև հայտնեց, որ եթե երեխան չի ընդունվել ցանկալի դպրոց, ապա ծնողները կարող են մինչև սեպտեմբեր հետևել ազատ տեղերի ընթացքին, որոնց առկայության դեպքում կարող են փոխել հայտագրումը մինչև սեպտեմբեր։

Եթե հայտագրումը կատարվել է, ապա հաջորդ փուլով ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին ընդունելության համար։ Դա կարող են անել ինչպես այս համակարգի միջոցով, եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, այնպես էլ անձամբ այցելելով դպրոց, տեղում դիմում գրելով։ Եթե ժամանակին դա չիրականցվի, ապա հայտերը ավտոմատ չեղարկվելու են։