Հայաստանին տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով․ Սուրենյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին երեք օրերին մեր երկրում եղանակը բավականին կայունացել է, որովհետև մենք գտնվում ենք հարավ–արևմտյան տաք հոսանքների ազդեցության գոտում, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3–ի կեսօր, ինչի արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4–5 աստիճանով։
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3–ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի +34․․․+36 աստիճանի։
«Բայց հուլիսի 3–ի երեկոյան ժամերից մեր երկիր Սև ծովի շրջաններից ներթափանցում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը, որը Հայաստանում կգործի մինչև հուլիսի 8–ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 3–ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 4–8–ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ», – ասել է Սուրենյանն՝ ավելացնելով, որ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18–23 մ/վ արագությամբ։
Նա նաև հայտնել է, որ այս ցիկլոնը հյուսիս–արևմուտքից իր հետ բերում է նաև ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում հուլիսի 4–5–ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով։

