Այսօրվանից Երևանի կենդանաբանական այգում մուտքի տոմսերի նոր սակագներ են գործում
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի Արմենիա/. 2026թ․–ի հուլիսի 1-ից Երևանի կենդանաբանական այգում փոխվում են մուտքի տոմսերի սակագները։
Կենդանաբանական այգուց նշում են, որ փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։
«Մենք շարունակաբար աշխատում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին դառնա ավելի զարգացած, խնամված և հարմարավետ միջավայր թե՛ մեր կենդանիների, թե՛ ձեզ համար», - նշված է հայտարարության մեջ։
Նոր սակագներով երկուշաբթի օրերին 3 - 69 տարեկան այցելուներիների համար մուտքի տոմսի արժեքը կկազմի 1,000 դրամ, իսկ երեքշաբթիից կիրակի` 2,000 դրամ։
Միաժամանակ շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար։
Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին կարելի է օգտվել հետևյալ զեղչերից․
- Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ
- Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ

