Փեզեշքիանը համոզմունք է հայտնել Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետևողական զարգացման և ամրապնդման գործում
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։
Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
Փաշինյանն աշխատանքային այցով Իրանում է՝ մասնակցելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հրաժեշտի արարողությանը
