Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը․ Jerusalem Post

28.06.2026, 18:47
Կառավարության որոշումից հետո բանաձևը կներկայացվի Քնեսեթի քննարկմանը
Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը․ Jerusalem Post

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, հայտնում է The Jerusalem Post թերթը:

Պարբերականի տվյալներով՝ համապատասխան բանաձևը նախարարների կաբինետի քննարկմանն է ներկայացրել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը:

Որոշման ընդունումից հետո Սաարը հայտարարել է. «Երբեք ուշ չէ ճիշտ վարվել»:

Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, Իսրայելի ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչումն անվանել էր «բարոյական և պատմական պարտք»՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է վճռականորեն դատապարտել պատմական ճշմարտությունը ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ:

Հրապարակման համաձայն՝ կառավարության որոշումից հետո բանաձևը կներկայացվի Քնեսեթի քննարկմանը։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դիրքորոշման մասին


Իսրայելի Քնեսեթ երեք անգամ ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ։ 2018 թվականին «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգն առաջարկեց կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու օրինագիծ, սակայն այն չեղարկվեց կառավարության դիմադրության պատճառով։ 2019 թվականին Քնեսեթի մի շարք բարձրաստիճան անդամներ, ինչպիսիք են Յաիր Լապիդը և Գիդեոն Սաարը, աջակցեցին այդ քայլին, բայց այն դարձյալ չիրականացվեց կառավարության կողմից թույլ աջակցության պատճառով։ 2021 թվականին ընդդիմադիր մի քանի պատգամավորներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և ապրիլի 24-ին հիշատակի օր անցկացնելու մասին օրինագիծ։

2025 թվականի օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարեց, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։