Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ 84 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռաիսա Մկրտչյանը, հայտնում է Shantnews-ը:
Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1948 թվականին Երևանում: Դեռևս ուսանողական տարիներին սկսել է հանդես գալ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կազմում: 1965 թվականին դարձել է հանրապետական երգի փառատոնի դափնեկիր: Ավելի ուշ «Կռունկ» անսամբլի հետ ելույթներ է ունեցել ԽՍՀՄ-ում և արտերկրում: 1966—1969 թվականներին երգել է Մարտին Վարդազարյանի անսամբլում: Այնուհետև դարձել է Հայաստանի Պետհեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի:
Հյուրախաղերով հանդես է եկել ավելի քան տասը երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Ուրուգվայում և Արգենտինայում: 1975 թվականին դարձել է Սոպոտի միջազգային փառատոնի դափնեկիր (3-րդ մրցանակ):

