Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանը կփակվի

26.06.2026, 21:08
Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանը կփակվի։ Այն բացվել էր ավելի քան 60 տարի առաջ
Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանը կփակվի

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանը կփակվի։ Այն բացվել էր ավելի քան 60 տարի առաջ:

Ինչպես հայտնում է «Աֆիշա Daily»-ն, խորհրդային ժամանակներում հայտնի այս «Արմենիա» գաստրոնոմի տեղում կբացվի «ՎկուսՎիլ» (Вкусвилл) ցանցի խանութ։

«ՎկուսՎիլի» մամուլի ծառայությունից «Աֆիշա Daily»-ին հաստատել են այս տեղեկությունը։ Սպասվում է, որ սրճարանային գոտիով նոր խանութը աշխատանքը կսկսի հուլիսին։

«Արմենիա» գաստրոնոմը Մոսկվայում բացվել էր 1952 թվականին և գտնվում էր Հայկական ԽՍՀ առևտրի նախարարության ենթակայության տակ։ Այնտեղ վաճառվում էին ավանդական հայկական մթերք, այդ թվում՝ պանիրներ, չրեր, կոնյակ և չուրչխելա:

1992 թվականին տարածքն անցել է Մոսկվայի կառավարության սեփականությանը։ 2006–2010 թվականներին այնտեղ իրականացվել է վերակառուցում, որից հետո «Արմենիան» վերսկսել է աշխատանքը` որպես առևտրի սրահ և հայկական խոհանոցի ռեստորան: