Երուսաղեմում կինը ոստիկանների աչքի առաջ թքել է հայկական վանքի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երիտասարդ կինը թքել է Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի ուղղությամբ, որի կողքին հերթապահում էին Իսրայելի ոստիկանության աշխատակիցները: Միջադեպի տեսանյութը հրապարակել է երուսաղեմաբնակ հայ լրագրող Կեղամ Բալյանը (Kegham Balian):
Կադրերում երևում է, թե ինչպես է կինն անցնում վանքի կողքով և թքում դրա մուտքի ուղղությամբ: Դրանից հետո նրան են մոտենում մոտակայքում գտնվող ոստիկանները: Թե ինչ է տեղի ունեցել հետո, տեսագրությունում չի երևում:
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ Religious Freedom Data Center-ի ներկայացուցիչ Յիսկա Հարանին հայտնել է, որ ոստիկանությունն առաջին անգամ աշխատակիցներ է տեղակայել Սրբոց Հակոբյանց տաճարի մոտ շաբաթ օրը, որպեսզի կանխի հայկական սրբավայրի ուղղությամբ թքելու դեպքերը: Նրա խոսքով՝ հրապարակված կադրերը նկարահանվել են սեպտեմբերի 5-ի երեկոյան:
The Times of Israel-ը նշում է, որ ոստիկանությունը անմիջապես չի պատասխանել պարբերականի հարցմանը, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել կնոջ նկատմամբ:
Սա նմանատիպ առաջին միջադեպը չէ հայկական վանքի մոտ: Օգոստոսի 2-ին Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր վեց անձի՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի ձերբակալության մասին այն բանից հետո, երբ նրանք թքել էին Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի ուղղությամբ և քարեր նետել համալիրի պատի վրա:
Այն ժամանակ ոստիկանությունը հայտարարել էր, որ բռնության և ռասիզմի դրսևորումներին վերաբերվում է առավելագույն լրջությամբ և կշարունակի միջոցներ ձեռնարկել մեղավորների ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
A young jewish girl passed by the entrance to the St. James Monastery in the Armenian Quarter of Jerusalem, saw the Israeli Police stationed there, and STILL spat on the Monastery.
— Kegham Balian (@kbalian90) September 5, 2026
To their credit, they intervened immediately. Will she face consequences? I highly doubt it. pic.twitter.com/E9aQauRkNH

