Նուբար Աֆեյանի Moderna ընկերության քաղցկեղի դեմ պատվաստանյութը հաջող փորձարկում է անցել

20.08.2026, 20:25
Հետազոտությանը մասնակցել է բարձր ռիսկի կամ տարածված մելանոմայով ավելի քան 1100 պացիենտ, որոնց մոտ քաղցկեղային բջիջները հեռացվել էին վիրահատական ճանապարհով
Նուբար Աֆեյանի Moderna ընկերության քաղցկեղի դեմ պատվաստանյութը հաջող փորձարկում է անցել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Moderna բիոտեխնոլոգիական ընկերության՝ քաղցկեղի դեմ փորձարարական մՌՆԹ (mRNA) պատվաստանյութը հաջող արդյունքներ է ցույց տվել մելանոմայի բուժման ուշ փուլի կլինիկական փորձարկումներում։

Moderna-ի պատվաստանյութը Merck դեղագործական ընկերության Keytruda դեղամիջոցի հետ համադրությամբ նվազեցրել է մաշկի քաղցկեղի կրկնության (ռեցիդիվի) և տարածման ռիսկը, գրում է Reuters-ը։

Հետազոտությանը մասնակցել է բարձր ռիսկի կամ տարածված մելանոմայով ավելի քան 1100 պացիենտ, որոնց մոտ քաղցկեղային բջիջները հեռացվել էին վիրահատական ճանապարհով։

Reuters-ի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ քաղցկեղի դեմ մՌՆԹ պատվաստանյութը դրական արդյունք է ցույց տվել ուշ փուլի հետազոտությունում։ Բացի այդ, սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տվել, որ հեռացված մելանոմայով պացիենտների համար նոր դեղամիջոցի համադրումը Keytruda-ի հետ ավելի արդյունավետ է, քան միայն Keytruda-ով թերապիան։

Հետազոտության միջանկյալ արդյունքները Moderna-ի և Merck-ի համար լավ նախադրյալներ են ստեղծում կարգավորող մարմինների հավանությունը ստանալու համար, նշել է William Blair-ի վերլուծաբան Մայլզ Մինտերը։ Նրա խոսքով՝ արդյունքները նաև դրական ազդանշան են այլ տեսակի ուռուցքային հիվանդությունների դեպքում պատվաստանյութի ազդեցության շարունակվող հետազոտությունների համար։

Ընկերությունները նախատեսում են կարգավորիչների հետ բանակցությունները սկսել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, CNBC-ի հետ զրույցում հայտնել է Merck-ի հետազոտական ստորաբաժանման ղեկավար Դին Լին։

Հաջող փորձարկումների մասին հաղորդագրությունից հետո Moderna-ի բաժնետոմսերը ԱՄՆ-ում օգոստոսի 19-ի առևտրաշրջանի մեկնարկին սրընթաց աճել են 123,6%-ով՝ պիկային պահին հասնելով 140,77 դոլարի, վկայում են առևտրային տվյալները։ Merck-ի արժեթղթերը ևս թանկացել են՝ 11,6%-ով, մինչև 150,85 դոլար, հայտնում է Forbes.ru-ն։

Փորձարկումների հաջող արդյունքները կարող են նաև մեղմել ներդրողների մտահոգությունները երկու ընկերությունների աճի երկարաժամկետ աղբյուրների վերաբերյալ։ Moderna-ն աճի նոր դրայվերներ է փնտրում կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի վաճառքների նվազումից հետո, իսկ Merck-ին ընթացիկ տասնամյակի վերջում սպասվում է Keytruda-ի արտոնագրային պաշտպանության կորուստ։

Moderna-ի համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահը հայազգի գործարար և գիտնական Նուբար Աֆեյանն է։ Ընկերությունը ստեղծվել է 2010 թվականին Flagship Pioneering վենչուրային ընկերության շրջանակում, որի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է Աֆեյանը։ Flagship-ը մասնակցել է Moderna-ի գիտական հայեցակարգի ձևավորմանը, ընկերության գործարկմանը և սկզբնական ֆինանսավորմանը։

Աֆեյանը չի ղեկավարում Moderna-ի ամենօրյա գործունեությունը. ընկերության գլխավոր տնօրենը Ստեֆան Բանսելն է, իսկ Աֆեյանի դերը հիմնականում կապված է ռազմավարական կառավարման և տնօրենների խորհրդի աշխատանքի հետ։