ԱՄՆ դատարանը չեղարկել է ՀՀ քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը

22.08.2026, 21:35
Նյու Յորքի դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականությունը, որով նախատեսվում էր ներգաղթային վիզաների տրամադրման կասեցում 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին
ԱՄՆ դատարանը չեղարկել է ՀՀ քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նյու Յորքի դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականությունը, որով նախատեսվում էր ներգաղթային վիզաների տրամադրման կասեցում 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին, հայտնում է Reuters-ը:

Որոշումը կայացրել է Նյու Յորքի Հարավային օկրուգի դատավոր Ջանեթ Վարգասը: Նա վճռել է, որ Պետդեպարտամենտը գերազանցել է իր լիազորությունները՝ դիմումների անհատական քննարկման փոխարեն մտցնելով առանձին երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման ընդհանուր կասեցում:

Միջոցը գործում էր 2026 թվականի հունվարի 21-ից: Երկրների պաշտոնական ցանկում, որոնց քաղաքացիներին այն առնչվել էր, ներառված էր նաև Հայաստանը: Բացի դրանից, ցուցակում էին Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և տասնյակ այլ պետություններ:

Պետդեպարտամենտը որոշումը բացատրում էր այն երկրներից դիմորդների ստուգման ընթացակարգերը վերանայելու անհրաժեշտությամբ, որոնց քաղաքացիները, նրա գնահատմամբ, ունեն այսպես կոչված public charge՝ ԱՄՆ-ում պետական աջակցությունից պոտենցիալ կախվածության մեջ հայտնվող անձինք դառնալու բարձր ռիսկ:

Ինչ վիզաներին էր առնչվում սահմանափակումը

Խոսքը ներգաղթային վիզաների մասին է, որոնք նախատեսված են ԱՄՆ մշտական բնակության նպատակով տեղափոխվելու մտադրություն ունեցող անձանց համար:

Ոչ ներգաղթային վիզաներին, այդ թվում՝ զբոսաշրջային և ուսանողական, այս կոնկրետ միջոցառումը չէր առնչվում: Ընդ որում, ԱՄՆ-ում շարունակում են գործել այլ հիմքերով սահմանված առանձին վիզային սահմանափակումներ:

Առանձին գործում է Պետդեպարտամենտի կողմից մտցված Diversity Visa-ների տրամադրման դադարը (դադարեցումը), որը կապված չէ 75 երկրների քաղաքացիների նկատմամբ քաղաքականության հետ:

Ինչ է նշանակում դատարանի որոշումը Հայաստանի քաղաքացիների համար

Դատարանը չեղարկել է Հայաստանի և ևս 74 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման ընդհանուր կասեցման քաղաքականությունը:

Սա չի նշանակում հայտերի ավտոմատ հաստատում: Յուրաքանչյուր դիմում նախկինի պես ենթակա է անհատական դիտարկման՝ ԱՄՆ ներգաղթային օրենսդրությանը համապատասխան:

Reuters-ի հրապարակման պահին ԱՄՆ Պետդեպարտամենտը դատարանի որոշումը չէր մեկնաբանել: