7.4 մագնիտուդով երկրաշա՞րժ՝ Կոտայքում․ ՆԳՆ–ն հերքում է լայն տարածում գտած տեսանյութը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն, հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։
«Կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի հղումը ծառայության կողմից Կոտայքի մարզի սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ։ Ամբողջ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը համարվում է դեռ չլուծված գիտական խնդիր»,– նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետներն իրականացնում են 24-ժամյա ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգ և երկրաշարժերի վերաբերյալ հրապարակվում են օպերատիվ և պատշաճ իրազեկումներ։

