ՀՀ–ում վերջին հինգ տարում մոտ 8%–ով աճել է թմրաբանական հաշվառման մեջ գտնվող կանանց թիվը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում թմրաբանական հաշվառման մեջ գտնվող կանանց թիվն աճել է մոտ 8 տոկոսով։
Այս մասին հայտնել է ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Գայանե Վարդազարյանը։
«Վերջին 5 տարվա ընթացքում հաշառվածների թիվն աճել է 6.3%-ով։ Դրանց մեջ աճում է կանանց թիվը` մոտ 8 %-ով», – ասաց Վարդազարյանը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված ասուլիսի ժամանակ։
Նա նաև նշեց, որ թեև անչափահասների շրջանում հաշվառվածների թվի աճ չի դիտվում, սակայն ամեն տարի հաշվառվում է 6-9 անչափահաս։
ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյան իր հերթին հայտնեց, որ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք։
«2026 թվականի 5 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրшմիջոցների հետ կապված 1313 հանցագործության դեպք, որոնցից 1269` թմրանյութի ապօրինի շրջանառաության դեպքեր են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1325-ի դիմաց», - նշեց Հովսեփյանը

