Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները (ՖՈՏՈ)

26.06.2026, 11:45
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մայթերի հիմնանորոգումը․ ՖՈՏՈ
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թասչյանը։

Ժաննա Անդրեասյանը հեղինակային խմբրի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ շրջել է տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Նա կարևորել է աշխատանքների բարձր որակով, պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացումը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները պահանջում են առանձնահատուկ պատասխանատվություն:

Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մայթերի հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։

Այս ընթացքում հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար։

Հիշեցնենք, որ բարեկարգման ծրագրի առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև Հավերժության տաճարի մույթերը։ Կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել են մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացման աշխատանքներ։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, իսկ մույթերի բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է ժամանակակից հատուկ նյութերի կիրառմամբ։ Փոխարինվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ։ Հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է կանաչապատ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։