Ռուսաստանն անհանգստություն է հայտնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունների անցկացման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանում անհանգստություն են հայտնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունների անցկացման կապակցությամբ։
«Eagle Partner – 2026» ամենամյա զորավարժություններն անցկացվում են հունիսի 17-ից 25-ը Հայաստանում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության նախապատրաստման շրջանակում։
«Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր անդամակցության «սառեցման» ֆոնին ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ մանևրները ոչինչ չեն առաջացնում, բացի ափսոսանքից», - հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ առանձնակի անհանգստություն է առաջացնում այն, որ Հայաստանի տարածքում այս մարզումային ծրագրերի իրականացումը 2023 թվականից սկսած ձեռք է բերում բառացիորեն համակարգային բնույթ։
«Ինչպիսի խաղաղապահ կոչվող խնդիրներ էլ որ հռչակվեն զորավարժություններով, ՆԱՏՕ-ականների հիմնական նպատակն ակնհայտ է՝ հանրապետության շարունակական «անջատումը» ի դեմս Ռուսաստանի ավանդական դաշնակցից։ Հենց մեր երկիրն է նման մարզումների ընթացքում դիտարկվում որպես հավանական հակառակորդ, հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ։ Ժամանակին նման բան հնարավոր չէր պատկերացնել, այդ թվում նաև այն պատճառով, որ մեր երկրում ապրում է մեծ թվով էթնիկ հայերի այսպիսի քանակ», - ասել է Զախարովան։
Նա հայտարարել է, որ այժմ դա տեղավորվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության այն հայտարարությունների համատեքստում, թե «Հայաստանը Մոսկվայի դաշնակիցը չէ»։ Նրա խոսքով՝ Արևմուտքում ընկալում են այդ ազդակները, հետևություններ անում և սկսում Երևանին ներքաշել Ռուսաստանի հետ հակադրության մեջ։
«Բացի այդ, զորավարժությունները թույլ են տալիս արևմտամետներին ներդնել ռազմական շինարարության սեփական չափանիշները, և դրա միջոցով լրացուցիչ ազդեցություն ձեռք բերել Հայաստանի ու նրա քաղաքականության վրա։ Միամտություն է հույսը դնել արևմտյան անվտանգության «հովանոցի» վրա, դա ոչ այլ ինչ է, քան պատրանք։ Նրանք Հարավային Կովկասին որևէ կայունացում չեն բերի, այլ կստեղծեն նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր և սպառնալիքներ», - նշել է Զախարովան։

