HIF Yerevan 2026-ում Գրին Ռոքը ներկայացրել է Դիլիջանի զարգացման համապարփակ մոդելը
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում կայացել է «Hospitality Investment Forum Yerevan 2026» միջազգային ֆորումը, որը համախմբել է հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի ավելի քան 1000 առաջատար ներկայացուցիչների, ներդրողների և փորձագետների՝ աշխարհի ավելի քան 28 երկրներից։
Ֆորումի պաշտոնական բացման արարողությանը հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը կարևորել է ֆորումի դերը՝ որպես հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում ներդրումների խթանման առաջատար տարածաշրջանային հարթակ՝ ընդգծելով, որ այն տարեցտարի նպաստում է նոր գործընկերությունների ձևավորմանը, միջազգային փորձի փոխանակմանը և ներդրումային հնարավորությունների ներկայացմանը։
Նախարարը ներկայացրել է նաև երկրի զբոսաշրջային ներուժը և ոլորտում արձանագրված դրական միտումները՝ նշելով, որ 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 825.000 զբոսաշրջիկ։

Ֆորումի շրջանակում «Փոքր քաղաքների ներուժի բացահայտումը․ մասնավոր կապիտալը՝ կայուն զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման համար» թեմայով ելույթ է ունեցել Գրին Ռոքի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։
Իր խոսքում Դանեկինան ընդգծել է, որ փոքր քաղաքները կարող են դառնալ հյուրընկալության ոլորտի ներդրումների հաջորդ կարևոր ուղղությունը՝ պայմանավորելով նոր հնարավորություններ ինչպես ներդրողների, այնպես էլ տեղական համայնքների համար։ Նա նշել է, որ զբոսաշրջության ոլորտը հանդիսանում է տնտեսական զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը՝ ստեղծելով աշխատատեղեր, ներգրավելով ներդրումներ և կապելով տարածաշրջանները համաշխարհային տնտեսությանը։
Դանեկինայի խոսքով Հայաստանը դեռևս ձևավորվող և համեմատաբար չբացահայտված շուկա է, ինչը պահանջում է իրատեսական մոտեցում և միջազգային մրցունակության բարձրացում՝ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ միջազգային կապիտալի ներգրավման տեսանկյունից։
Նա ընդգծել է, որ կայուն զարգացման իրական հիմքը ձևավորվում է միայն այն դեպքում, երբ միավորվում են երկու գործոն՝ զբոսաշրջային պահանջարկը և ներդրումային կապիտալը, և հենց այդ համադրությունն է ապահովում երկարաժամկետ և արդյունավետ աճ։
Որպես զարգացման օրինակ՝ Դանեկինան ներկայացրել է Դիլիջանում Գրին Ռոքի բազմաֆունկցիոնալ համալիրի մոդելը։

«Միայն հյուրանոցային ենթակառուցվածքը բավարար չէ փոքր քաղաքների կայուն զարգացման համար։ Այդ նպատակով Դիլիջանում Գրին Ռոքը ձևավորում է նաև մշակութային և սոցիալական ենթակառուցվածքներ՝ համերգային դահլիճ, Art այգի, Villa3 համայնքային հաբը, որը նպաստում է մասնագետների, ձեռնարկատերերի և թվային նոմադների ներգրավմանը, ինչպես նաեւ համատեղ բնակության տարածք՝ PPLS Rooms-ը, որը միավորում է ուսանողներին, աշխատակիցներին և զբոսաշրջիկներին՝ խթանելով համայնքային փոխգործակցությունը»,- ասաց Դանեկինան՝ հավելելով, որ օրեր առաջ կայացել է PPLS Rooms քոլիվինգի և Villa3 community hub-ի բացումը։
Գրին Ռոքի գործադիր տնօրենը շեշտել է նաև հյուրընկալության ոլորտի կրթական բաղադրիչի դերի կարևորությունը՝ նշելով, որ ստեղծվել է Apicius Armenia հյուրընկալության միջազգային ոլորտը, որը համագործակցում է Ֆլորենցիայի Apicius հյուրընկալության միջազգային դպրոցի հետ և Դիլիջան տեղափոխված իտալացի մասնագետների աջակցությամբ դպրոցը նպատակ ունի պատրաստել ոլորտի մասնագետներ և ապահովել երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացում։
Անդրադառնալով համայնքային ներգրավման կարևորությունը՝ Դանեկինան նշել է, որ կայուն զբոսաշրջությունը հնարավոր չէ առանց տեղական բնակչության մասնակցության։ Այդ նպատակով ստեղծվել է Գրին Ռոք հիմնադրամը, որը իրականացնում է մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր։
Ֆորումի ցուցահանդեսային հատվածում Գրին Ռոքը ներկայացրել իր ընթացիկ նախաձեռնություններն ու նախագծերը՝ Meet Dilijan-ը և Apicius Armenia-ն, որոնք ուղղված են տարածաշրջանային զարգացմանն ու նոր զբոսաշրջային փորձի ձևավորմանը։

