Բնակավայրերի մեծ մասում երեխաներն ուղղակի լողալու տեղ չունեն. Փաշինյանն առաջարկում է բոլոր քաղաքներում բացօթյա լողավազաններ կառուցել

18.06.2026, 12:15
Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հանրապետության բոլոր քաղաքներում, սկսած մարզկենտրոններից, ունենալ բացօթյա լողավազաններ
Բնակավայրերի մեծ մասում երեխաներն ուղղակի լողալու տեղ չունեն. Փաշինյանն առաջարկում է բոլոր քաղաքներում բացօթյա լողավազաններ կառուցել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հանրապետության բոլոր քաղաքներում, սկսած մարզկենտրոններից, ունենալ բացօթյա լողավազաններ։

«Հայաստանի բնակավայրերի, քաղաքաների մի մեծ մասում երեխաներն ուղղակի լողալու տեղ չունեն, և դա խնդիր է», - ասաց Փաշինյանը կառավարության նիստում համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման հարցի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ լողավազանների պատշաճ սպասարկումը, հանդերձարանների ու սանհանգույցների մաքրությունն ապահովելու համար անհրաժեշտ է դիտարկել ճիշտ ֆինանսական սխեմա։

«Ես կարծում եմ, որ լավ կլինի, եթե պարզվի, որ այստեղ կարելի է արտապատվիրակել, որպեսզի նորմալ սպասարկում լինի, սանհագույց և այլն, անհրաժեշտ վճարովի սկզբունքներով լինի, լողավազանը լինի ազատ»,- ասաց վարչապետը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին նշեց, որ նախագծով առաջարկվում է 1 միլիարդ 634 միլիոն դրամով համաֆինանսավորել 13 համայնքների 16 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 1-ը` Արագածոտնի մարզում, 3-ը` Արարատի մարզում, 4-ը` Արմավիրի մարզւմ, 2-ը` Գեղարքունիքի մարզում, 3-ը` Կոտայքի մարզում, և ևս 3-ը` Տավուշի մարզում։

«Այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում 7 միլիարդ 35 միլիոն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենանք արդեն 2026 թվականի պետական բյուջեից», - նշեց նախարարը։