Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա օրերին հանրապետության հատկապես տաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, մի փոքր շոգելու ենք», - ասաց Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նա նշեց, որ հունիսի 18-20-ը, հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ըստ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։
«Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին` Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի, որից հետո, հունիսի 21-ից սկսած, օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կսկսի նվազել», - նշեց Սուրենյանը։
Նրա խոսքով՝ չնայած օդի ջերմաստիճանի բարձրացմանը, հատկապես հյուսիսային շրջաններում գիշերվա և երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևները կպահպանվեն։

