ՀՀ ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. Նովոստի-Արմենիա։ Հայաստանի ԿԸՀ-ն չորեքշաբթի բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Այս մասին ԿԸՀ նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա հստակեցրել է, որ Քոչարյանին մեղադրանքներ կառաջադրվեն պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Օրբելյանը պատմել էր, թե որ գործի շրջանակում է դատախազությունը դիմել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է մի գործարքի, որը կատարվել է 2004 թվականին՝ Քոչարյանի նախագահության օրոք, և արժանացել է Հայաստանի կառավարության հավանությանը։
Օրբելյանը պնդում է, որ այդ գործարքը երբևէ չի վիճարկվել, իսկ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները, դրա հետ որևէ առնչություն չեն ունեցել։
«Հետագայում՝ 2008 թվականին, երբ պարոն Ռոբերտ Քոչարյանն արդեն պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Եվ հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է»,- պարզաբանել է Օրբելյանը։
Նրա խոսքով՝ տվյալ հողատարածքը տրվել էր վարձակալության, վարձակալն իր սեփական միջոցներով սկսել էր տարածքի կառուցապատումը, սակայն 2008 թվականին բախվել էր ֆինանսական դժվարությունների։ Ներդրումներ փնտրելիս առաջարկ է արվել նաև Սեդրակ Քոչարյանին, որը հետագայում մասնակցություն է ունեցել այդ նախագծում։
Նախօրեին դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:

