«Խնդիրը քաղաքականությունը չէ»․ Ռոսսելխոզնադզորի ղեկավարը՝ ՌԴ հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների մասին

17.06.2026, 13:29
Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտարարել է, որ դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքական պատճառների, այլ որակի ներքին վերահսկողության համակարգի թերությունների հետ
«Խնդիրը քաղաքականությունը չէ»․ Ռոսսելխոզնադզորի ղեկավարը՝ ՌԴ հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքական պատճառների, այլ որակի ներքին վերահսկողության համակարգի թերությունների հետ։

«Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նա այսպես է մեկնաբանել Երևանից հնչող հայտարարությունները ռուսական կարգավորողի որոշումների քաղաքականացվածության մասին։ Նրա կարծիքով՝ հիմնական խնդիրը մնում է Հայաստանի գյուղատնտեսության մեջ համագործակցության և արտադրական վերահսկողության արդյունավետ համակարգի բացակայությունը։

«Այնտեղ մեծ թվով մանր ֆերմերներ կան, որոնք արտադրանք են աճեցնում և այն արտահանում։ Սակայն արտադրության և բեռնման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և համագործակցության համակարգը։ Հազարավոր կապ կանաչեղեն հավաքվում է մեկ մեքենայի մեջ, որից հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ։ Ֆիզիկապես դա անհնար է», - համարում է նա։

Ինչպես նշել է կարգավորող մարմնի ղեկավարը, վերահսկողությունը պետք է սկսվի ոչ թե սահմանին, այլ անմիջապես արտադրության փուլում։

«Երբ գոյություն ունի համագործակցություն, արտադրական վերահսկողություն, արտադրողների միավորումների պատասխանատվություն, այդ ժամանակ համակարգն արդյունավետ է աշխատում։ Հենց դա է այսօր պակասում։ Ուստի սահմանափակումների պատճառները գտնվում են արտադրանքի որակի և անվտանգության հարթությունում, ոչ թե քաղաքականության», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, Դանկվերտը հայտարարել է, որ ռուսական գերատեսչությունը պահպանում է աշխատանքային շփումները հայկական սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ և նրան չի համարում առաջացած խնդիրների պատճառ։

Ռոսսելխոզնադզորի ղեկավարի խոսքով՝ սահմանափակումներ մտցնելու մասին որոշումները կայացվում են ձեռնարկությունների բազմամյա աշխատանքի պատմության, լաբորատոր հետազոտությունների տվյալների և արտադրանքի անվտանգության վերահսկողության արդյունքների հիման վրա։

Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ պետություններ։

Ռոսսելխոզնադզորի կողմից մտցված սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը և ծաղկային արտադրանքը։ Ավելի վաղ ռուսական կարգավորողները սահմանափակումներ էին մտցրել նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի և ալկոհոլային արտադրանքի առանձին տեսակների մատակարարումների վրա։

Ռոսսելխոզնադզորում սահմանափակումների պատճառ են անվանել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը գործելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը։