Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են 20–ամյա աղջկա վարած Range Rover–ն ու Թուրքմենստանի 41–ամյա քաղաքացու վարած մոպեդը․ կա տուժած
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հունիսի 16-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։00-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Ռոզալի Հ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և Թուրքմենստանի քաղաքացի 41-ամյա Շոհրաթ Է․-ի վարած «Honda» մակնիշի մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

