Հայկական անուններ՝ աստղերին և գիտական տուրիզմ. Արեգ Միքայելյանը՝ Բյուրականի նախաձեռնությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բյուրականի աստղադիտարանը, որն այս տարի նշում է իր 80-ամյակը, հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնություններով։ Դրանց մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Մենք որոշեցինք Բյուրականի առաջարկած գաղափարներից ամենատպավորիչներն ու հետաքրքրաշարժները հրապարակել «Իսկ դուք գիտեի՞ք, որ...» ձևաչափով։
Իսկ դուք գիտեի՞ք, որ հայ գիտնականներն ուզում են աստղերն պաշտոնապես անվանակոչել ի պատիվ հայ ականավոր գիտնականների։
Առաջիկայում հայ աստղագետները նախատեսում են աշխատանքներ սկսել տարբեր աստղեր հայ երևելի գիտնականների անուններով, ինչպես նաև Հայաստանի պատմական աստղագիտական տեղավայրերի անուններով շնորհելու ուղղությամբ։ Դրա համար դիմում կուղարկվի Միջազգային աստղագիտական միության համապատասխան հանձնաժողովին՝ աշխարհում միակ կառույցին, որն իրավասու է պաշտոնապես հաստատել երկնային օբյեկտների անվանումները։
Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանում գիտական տուրիզմը սկսվել է հենց Բյուրականից։
Առաջնահերթ ուղղություններից է մնում գիտական տուրիզմի զարգացումը, որի հիմնադիրը դարձել է Բյուրականի աստղադիտարանը։ Գիտական տուրիզմը երկրում աստիճանաբար տարածում է գտնում որպես այլընտրանքային ուղղություն, որն իր մեջ միավորում է հնագույն աստղագիտական վայրերը (Զորաց քարեր, Մեծամոր, ժայռապատկերներ), միջնադարյան համալսարանները, ներկայիս գիտական ինստիտուտներն ու Տիեզերքի թանգարանը։
Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանն առաջարկել է ստեղծել վիրտուալ աստղադիտարանների համատեղ ցանց։
Հայաստանն աշխարհի այն շուրջ քսան երկրներից է, որն ունի իր սեփական՝ «Հայկական վիրտուալ աստղադիտարան» նախագիծը։ Սա թվային հարթակ է, որը գիտնականներին թույլ է տալիս աշխատել աստղագիտական տվյալների հսկայական զանգվածների հետ՝ անկախ հեռադիտակների գտնվելու վայրից։ Քանի որ մերձավորարևելյան և ասիական տարածաշրջաններում նման նախագծերը դեռ քիչ են, հայկական կողմն առաջարկել է ստեղծել վիրտուալ աստղադիտարանների համատեղ ցանց և միավորել տարբեր պետությունների հետազոտողների ջանքերը։
Իսկ դուք գիտեի՞ք, որ «աստղ գնել» հնարավոր չէ։
Շատերն են լսել աստղ «գնելու», այն իրենց անունով կոչելու և համապատասխան հավաստագիր ստանալու հնարավորության մասին։ Սակայն քչերը գիտեն, որ նման հավաստագրերը որևէ իրավաբանական ուժ չունեն։ Երկնային օբյեկտներին պաշտոնապես անվանումներ կարող է շնորհել միայն Միջազգային աստղագիտական միությունը։ Գումարի դիմաց աստղ անվանակոչել առաջարկող և գեղեցիկ հավաստագրեր տրամադրող ընկերությունները որևէ կապ չունեն պաշտոնական աստղագիտության հետ։ Նման անվանումները չեն ճանաչվում գիտական հանրության կողմից և չեն ներառվում միջազգային կատալոգներում։ Ուստի «աստղի տիրապետման» մասին հավաստագիրը մնում է սոսկ հուշանվեր, այլ ոչ թե որևէ պաշտոնական կարգավիճակ ունեցող փաստաթուղթ։

