Արցախից տեղահանված ավելի քան 6,4 հազ. ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել Հայաստանում. փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակարանային հավաստագրեր է ստացել Ղարաբաղից տեղահանված 6444 ընտանիք կամ 26 432 անձ. հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13 400 անձ ծրագրի շրջանակում արդեն ձեռք է բերել տուն կամ բնակարան։ Ձեռք բերված բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 48 մլրդ դրամ»,- ԱԺ-ում 2025 թ.-ի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Խաչատրյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների աջակցության համար 2025 թ.-ին պետական բյուջեից փաստացի հատկացվել է 45,7 մլրդ դրամ, իսկ 2023 թվականից ի վեր՝ շուրջ 146 մլրդ դրամ։
Նա նաև հայտնել է, որ 2025 թ.-ի վերջին կառավարությունը հաստատել է Ղարաբաղից տեղահանված անձանց առանձին խմբերի համար վարձակալության վճարի մասնակի փոխհատուցման միջոցառումը, ինչպես նաև շարունակել է դրամական աջակցության ծրագրերը։
«Ընդհանուր առմամբ, 2025 թվականին վերոնշյալ աջակցության ծրագրերին ուղղվել է շուրջ 38 մլրդ դրամ, իսկ 2026 թ.-ի պետական բյուջեի նախագծով նույն ծրագրային ուղղություններով նախատեսվել է 55 մլրդ դրամ»,- հայտարարել է Խաչատրյանը։
Նա նշել է, որ 2025 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ղարաբաղից տեղահանված ավելի քան 31 300 քաղաքացի Հայաստանում ունի մշտական աշխատանք կամ ինքնազբաղված է։
ՀՀ իշխանությունները նախատեսում են Երևանին հարակից համայնքներում բնակվող՝ Ղարաբաղից տեղահանված անձանց համար բնակարանային հավաստագրի չափը 3 մլն դրամից հասցնել 4 մլն դրամի։

