Հայաստանում հարցված հայրերի միայն 11%-ն է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից. հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում հարցված աշխատող հայրերի միայն մոտ 11%-ն է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի հետազոտության արդյունքները։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը հայտնեց, որ հետազոտությունն անցկացվել է 2026 թվականի մարտին՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։
«Հարցմանը մասնակցել է 384 աշխատող հայր։ Հետազոտության նպատակն է վեր հանել հայրերի կողմից երեխայի խնամքի արձակուրդից օգտվելու մակարդակը և այն խնդիրները, որոնց բախվում են ընտանիքները»,- չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը՝ փոխանցում է «Արմենպրես»-ը։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հետազոտության արդյունքները ներկայացվում են այսօր, քանի որ Հայաստանում արդեն երկրորդ տարին է, ինչ նշվում է Հայրերի օրը։
ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների նորարարական կենտրոնի տնօրեն Արեմ Մկրտչյանը նշեց, որ հետազոտությունն ընդգրկել է մարզկենտրոնները, տարածաշրջանների մեծությամբ երկրորդ քաղաքները և ամենամեծ բնակչություն ունեցող գյուղերը։
Նրա խոսքով՝ հայրերի կողմից երեխայի խնամքի արձակուրդից օգտվելու ցուցանիշը ցածր է մնում. դրանից օգտվել է հարցվածների մոտ 11%-ը։
Մկրտչյանը նշեց, որ արձակուրդից հրաժարվելու վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում՝ զբաղվածության բնույթը. շատ դեպքերում այնպիսի բնույթի աշխատանք են անում, որ արձակուրդի պարագայում փոխարինման հարց է առաջանում, ինչը որոշ դեպքերում գործատուի համար դժվար է լինում ։
Նա նաև մատնանշեց մարզերում ավանդական կենսակերպի ազդեցությունը։ Մկրտչյանի խոսքով՝ ընտանիքներում հաճախ կան այլ մարդիկ, ովքեր զբաղվում են երեխայի խնամքով, իսկ հարցվողների մի մասը երեխայի մասին հոգ տանելը համարում է կնոջ պարտականություն։
Այս կապակցությամբ, նշեց Մկրտչյանը, անհրաժեշտ է աշխատանք տանել քաղաքացիների իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև գենդերային դերի պատկերացումների հաղթահարման ուղղությամբ։

