Ինչպես հաջողությամբ դիմակայել կիբեռսպառնալիքներին. 3 հնարք հայ փորձագետներից

18.06.2026, 10:46
Կիբեռանվտանգությունը մեզ համար թվային աշխարհում սեփական տվյալները, գումարն ու հանգստությունը պահպանելու հնարավորություն է
Ինչպես հաջողությամբ դիմակայել կիբեռսպառնալիքներին. 3 հնարք հայ փորձագետներից

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում շատերն են սեփական փորձով զգացել, թե ինչի կարող է հանգեցնել թույլ գաղտնաբառը, կասկածելի հղումով անցնելը կամ անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելը։ Ուստի կիբեռանվտանգությունը մեզ համար թվային աշխարհում սեփական տվյալները, գումարն ու հանգստությունը պահպանելու հնարավորություն է։

Կիբեռանվտանգության ապահովման հարցերին էր նվիրված վերջերս Երևանում անցկացված «RISE Powered by Silicon Mountains 2026» ֆորումը։ Դրա մասնակիցները՝ Կենտրոնական բանկի, կառավարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչները, կիսվեցին իրենց տեսլականով, թե ինչպես ոչ միայն պաշտպանել օգտատերերին, այլև կիբեռանվտանգությունը դարձնել արտահանման նոր ուղղություն Հայաստանի համար։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հայ փորձագետների երեք գլխավոր եզրակացություններն այս թեմայով։

Հնարք առաջին. տեխնոլոգիաներ և թիմ

Հայաստանի Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության դեպարտամենտի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը կիբեռսպառնալիքների դեմ պայքարը համեմատեց ավտոմրցարշավին մասնակցության հետ։

«Մրցարշավում հաղթելու համար միայն լավ մեքենա ունենալը քիչ է։ Անհրաժեշտ է նաև ուժեղ վարորդ, թիմ և մարզիչ։ Կիբեռանվտանգության մեջ «մեքենան» ժամանակակից տեխնոլոգիաներն են, «վարորդը»՝ պատրաստված մասնագետը, իսկ թիմը՝ մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչպես ճիշտ օգտագործել այդ տեխնոլոգիաները»,- ասաց Ստեփանյանը։

Նա ընդգծեց, որ առանց այս երեք բաղադրիչներից որևէ մեկի հնարավոր չէ արդյունավետորեն դիմակայել ժամանակակից կիբեռռիսկերին։

Հնարք երկրորդ. կիբեռհիգիենա պետք է սովորեցնել մանկուց

кошелек кибербезопасность

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը կարծում է, որ կիբեռանվտանգության ուսուցումը պետք է սկսվի ոչ թե 18 տարեկանից, այլ շատ ավելի վաղ՝ այն պահից, երբ երեխան արդեն սկսում է հեռախոս օգտագործել։

«Մարդուն վաղ տարիքից պետք է բացատրել կիբեռհիգիենայի հիմնական կանոնները։ Ընդ որում, նման ծրագրերն անհրաժեշտ են ոչ միայն երեխաներին ու երիտասարդներին, այլև ավագ սերնդի մարդկանց»,- ասաց նա։

Երիցյանը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն գործում են կիբեռանվտանգության ծրագրեր «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ։ Տեսանելի ապագայում 50-60 հազար երիտասարդներ հնարավորություն կունենան անցնել նման կրթական ծրագրեր։

Հնարք երրորդ. ստիպված կլինեք անընդհատ սովորել

кошелек кибербезопасность

Փորձագետներն ընդգծում են, որ այս ոլորտում չի կարելի մեկ անգամ սովորել և կանգ առնել։ Երիցյանի խոսքով՝ կիբեռանվտանգության ոլորտում հավաստագրումը պետք է դառնա «lifelong learning»-ի՝ ողջ կյանքի ընթացքում ուսուցման մի մասը։

«Հայաստանի համար կարևոր է նաև մասնակցել կիբեռանվտանգության միջազգային դասընթացներին և մրցույթներին։ Դա թույլ կտա պատրաստել թիմեր, բարձրացնել մասնագետների մակարդակը և գիտելիքները փոխանցել երկրի ներսում»,- ասաց նա։

Ինչու է սա կարող հնարավորություն դառնալ Հայաստանի համար

Փորձագետները կարծում են, որ կիբեռանվտանգության զարգացումը կարևոր է ոչ միայն օգտատերերի պաշտպանության համար։ Այս ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության նոր ուղղություններից մեկը։

Երիցյանը նշեց, որ աշխարհում կիբեռանվտանգությունը աստիճանաբար վերածվում է ծառայության. նույնիսկ խոշոր բանկերն ու կորպորացիաները միշտ չէ, որ կարողանում են պահել ուժեղ մասնագետներին։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար սա կարող է բացել արտահանման նոր ուղի։ Երկիրը կարող է վաճառել ոչ թե հումք կամ ապրանքներ, այլ գիտելիք, ինտելեկտ և ծառայություններ կիբեռանվտանգության ոլորտում։ Դրա համար անհրաժեշտ են որակյալ կրթություն, ուժեղ մասնագետներ և պայմաններ, որոնց դեպքում մարդիկ կցանկանան ապրել և աշխատել Հայաստանում։

Ի՞նչ է սա նշանակում հայկական բիզնեսի համար

кошелек кибербезопасность

Որպեսզի Հայաստանը կարողանա արտահանել կիբեռանվտանգության ոլորտի ծառայություններ, անհրաժեշտ են ընկերություններ, որոնք մրցունակ են համաշխարհային շուկայում։ Հենց այս հանգամանքի վրա հրավիրեց ուշադրությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Նա կարծիք հայտնեց, որ հայկական մասնավոր հատվածը պետք է մտածի ավելի լայնամասշտաբ և ստեղծի ընկերություններ, որոնք ունակ են մրցակցել գլոբալ շուկայում։

Նրա խոսքով՝ որքան ուժեղ լինեն հայկական ընկերությունները միջազգային մակարդակում, այնքան երկրի ներսում սովորական օգտատերերի համար ավելի հասանելի կդառնան որակյալ ծառայությունները։

Ի՞նչ է սա նշանակում մեզնից յուրաքանչյուրի համար

Կիբեռսպառնալիքները դարձել են մեր առօրյա կյանքի մի մասը՝ բանկային գործառնություններից և պետական ծառայություններից մինչև առցանց սովորական հաղորդագրությունները։ Ուստի, այսօր թվային տիրույթում պաշտպանությունը կախված է ոչ միայն բարդ տեխնոլոգիաներից, այլև հենց օգտատերերի գիտելիքներից, ինչպես նաև կիբեռհիգիենայի տարրական կանոնների պահպանումից։ Ըստ էության, խոսքը նույն կանոնների մասին է, ինչ սովորական կյանքում՝ չբացել կասկածելի հղումներ, օգտագործել բարդ գաղտնաբառեր և անձնական տվյալները չփոխանցել անծանոթներին։

Փորձագետները համամիտ են. ժամանակակից կիբեռանվտանգությունը հիմնվում է երեք հիմնասյուների վրա՝ հուսալի տեխնոլոգիաներ, կիրթ մասնագետներ և շարունակական ուսուցում։ Իսկ Հայաստանի համար այս ոլորտի զարգացումը կարող է դառնալ ոչ միայն անվտանգության խնդիր, այլև տնտեսական աճի նոր ուղղություն՝ հիմնված գիտելիքի և մարդկային կապիտալի վրա։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։