Ինչու է քարտով վճարելն ավելի հեշտ, քան կանխիկից հրաժարվելը
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դուք անկասկած նկատել եք, որ կանխիկով վճարելիս ծախսը դժվար է չնկատել. մարդը բացում է քսակը, հաշվում թղթադրամները, դրանք փոխանցում վաճառողին՝ որպես ապրանքի համար կատարվող վճարում, և տեսնում է, որ քսակում թղթադրամները զգալիորեն պակասել են: Միևնույն ժամանակ, քարտով կամ սմարթֆոնով ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում. բուն գործընթացը դառնում է էականորեն ավելի կարճ և հարմարավետ: Երբեմն ապրանքը գնելու որոշման և գործարքի ավարտի միջև ժամանակը տևում է ընդամենը մի քանի վայրկյան:
«Նովոստի-Արմենիան» պարզում է, թե ինչու է մարդկանց հոգեբանորեն ավելի հեշտ սեղմել «Վճարել», քան հրաժարվել կանխիկից:
Ինչ է թաքնված հարմարավետության հետևում

Թվային վճարումները խնայում են ժամանակ և առօրյա գնումները դարձնում ավելի հեշտ։ Սակայն հենց այս պարզությունը կարող է որոշակի ծախսեր պակաս նկատելի դարձնել։
Ըստ OECD/INFE 2023 թվականի մեծահասակների ֆինանսական գրագիտության վերջին միջազգային հարցման, մասնակից երկրների և տնտեսությունների հարցվածների միջինում ավելի քան 20%-ը համաձայնել է այն պնդման հետ, որ նրանք ավելի հակված են իմպուլսիվ գնումներ կատարել առցանց, քան սովորական խանութ մուտք գործելիս։
Հետազոտությանը մասնակցել է շուրջ 39 երկիր և տնտեսություն: Ֆինանսական գիտելիքներից, վարքագծից և վերաբերմունքից բացի, փորձագետներն ուսումնասիրել են թվային ֆինանսական գրագիտությունը և ֆինանսական բարեկեցությունը:
Սա, իհարկե, չի նշանակում, որ բանկային քարտը կամ սմարթֆոնն ավտոմատ կերպով ստիպում են մարդուն ավելի շատ ծախսել: Գնումների վրա ազդում են եկամուտը, տրամադրությունը, գովազդը, զեղչերը, շրջապատը և հենց խանութի առանձնահատկությունները:
Բայց վճարման իրականացման եղանակը նույնպես կարևոր է։
Կանխիկ հաշվարկի դեպքում գնում կատարելու ցանկության և փողը փոխանցելու միջև կան մի քանի ֆիզիկական գործողություններ՝ հանել քսակը, ընտրել թղթադրամները, հաշվել դրանք, ստանալ մանրը: Անկանխիկ վճարման դեպքում այս շղթան կրճատվում է մինչև մի քանի վայրկյան:
Որքան քիչ են գործողություններն ու որոշման և վճարման միջև դադարները, այնքան քիչ ժամանակ է մնում «Իսկ ինձ իսկապե՞ս սա պետք է» հարցի համար:
Հատկապես հեշտ է ծախսերի մասշտաբի զգացողությունը կորցնելը, երբ խոսքը փոքր գումարների մասին է. գնումներ հավելվածում, սուրճ՝ ճանապարհին, առաքում և այլն:
Մեկ նման գնումը կարող է աննշան թվալ: Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի նման վճարումները կարող են ընդհանուր առմամբ զգալի գումար կազմել։
Ստուգեք ձեր իսկ «վճարային սովորույթները»

Հասկանալու համար, թե ինչպես է ձեր վճարման մեթոդը ազդում ձեր ծախսերի վրա, կարող եք անցկացնել կարճատև մեկշաբաթյա փորձ։
Պետք չէ հրաժարվել քարտերից կամ հատուկ անցնել կանխիկի: Բավական է մի քանի օր նշել.
- ինչպես եք վճարել՝ կանխիկով, քարտով, թե հեռախոսով.
- արդյոք եղել է դադարի պահ գնում կատարելուց առաջ.
- հիշում էիք արդյոք մի քանի ժամ կամ օր անց, թե որքան եք ծախսել.
- արդյոք գնումը պլանավորված էր, թե իմպուլսիվ:
Մեկ շաբաթ անց համեմատեք արդյունքները: Հնարավոր է՝ պարզվի, որ որոշ ծախսեր դուք անմիջապես եք նկատում, իսկ մյուսները բառացիորեն «ձուլվում» են գործարքների պատմության մեջ։
Նման փորձը, իհարկե, չի ապացուցում պատճառահետևանքային կապը: Բայց այն օգնում է տեսնել սեփական վճարային սովորույթները և հասկանալ, թե որ գնումներն են պահանջում լրացուցիչ դադար։
Դադա՛ր տվեք վճարելուց առաջ

Ժամանակակից վճարային տեխնոլոգիաները ստեղծված են այնպես, որ գնումների գործընթացը դարձնեն առավելագույնս պարզ։ Կցված քարտը, մեկ հպումով վճարումը և բաժանորդագրությունների ավտոմատ երկարաձգումը խնայում են ժամանակը, բայց միևնույն ժամանակ մարդուն թույլ չեն տալիս կանգ առնել և ևս մեկ անգամ կշռադատել իր որոշումը։
Ուստի, օգտակար կանոնը կարող է շատ պարզ լինել՝ եթե գնումը պլանավորված չէր, դադա՛ր տվեք վճարելուց առաջ։
Կարելի է ապրանքն ավելացնել զամբյուղի մեջ և վերադառնալ դրան մի քանի ժամ հետո, անջատել անպետք ավտոմատ ծառայությունները, չպահպանել քարտի տվյալները ամեն խանութում և պարբերաբար ստուգել ոչ միայն հաշվի մնացորդը, այլև մանր ծախսերի ընդհանուր գումարը։
Թվային վճարումն ինքնին խնդիր չէ։ Հարցն այլ է. արդյո՞ք մենք նույնքան լավ նկատում ենք մեր ծախսերը, որքան հեշտությամբ սովորել ենք կատարել դրանք։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

