«Ղարաբաղյան հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին». Փաշինյան

23.11.2026, 11:37
Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանին հասցրել է պետականության կորստի եզրին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը նվիրված իր ուղերձում
«Ղարաբաղյան հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանին հասցրել է պետականության կորստի եզրին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը նվիրված իր ուղերձում։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը սովորաբար ունեցել է կամ խաղաղություն, կամ պետություն։

«Խորհրդային Միության փլուզման շեմին, թերևս, հենց դրա համար է ստեղծվել Ղարաբաղի հակամարտությունը, որ խաղաղությունը երազանք դառնա, և այն վերագտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին։ Եվ ուզում եմ ուղիղ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել, և, այո՛, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին», - ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ այսօր՝ նահատակների զոհողությունների, ժողովրդի տառապանքների ու զրկանքների գնով, Հայաստանը հասել է մի կետի, երբ հնարավորություն ունի միաժամանակ ունենալ խաղաղություն և պետություն։

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հենց սա է, որ ուզում է խափանել։ Հենց սրա հետ է նրանց խնդիրը, հենց սա թույլ չտալն է նրանց առաքելությունը։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։ Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչու։ Քանի որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները վեցով պակաս են նոր Սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար, ես ընդդիմությանն արել եմ հետևյալ առաջարկը և հիմա այդ առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում ձեր բոլորի աչքի առաջ՝ պատասխանատու կերպով։ Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե։ Այդպիսով՝ հնարավորություն ստեղծվի, որ նոր Սահմանադրության ճակատագիրը որոշեք դուք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիներդ՝ հանրաքվեի արդյունքներով», – նշել է Փաշինյանը։ 

Նա նաև նշել է ընդդիմությանն ուղղված առաջարկի շարունակությունը, որն անվանել է աննախադեպ հնարավորություն ընդդիմության համար։

«Եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, նոր Սահմանադրությունը չընդունվի, ես հրաժարական կտամ և կհեռանամ վարչապետի պաշտոնից։ Իսկ եթե դուք, այսինքն՝ ժողովուրդը, կողմ քվեարկի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններում՝ հերթական, թե արտահերթ, այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Իսկ մինչև հաջորդ ընտրությունն ընկած ժամանակահատվածում՝ որպես վարչապետ, կզբաղվեմ խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ, ինչը համոզված եմ, տեղի կունենա», – ընդգծել է Փաշինյանը։

Կարդացեք նաև․ «Նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող կառավարության պայմաններում թալանչիներն ու մարդասպանները վխտում են ազատության մեջ». Փաշինյան