Ինչպես օգտվել ԱԲ–ից Հայաստանում և չկորեցնել փողերը․ ֆինանսական անվտանգության 5 կանոն
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արհեստական բանականությունն արդեն օգնում է հասկանալ բանկային ծառայությունները, պլանավորել ընտանեկան բյուջեն և համեմատել վարկավորման պայմանները: Բայց արդե՞ք արժե դրան վստահել ավանդի, ներդրման ընտրությունը կամ վարկի վերաբերյալ որոշումը:
«Նովոստի-Արմենիա»-ն առաջարկում է միասին հասկանալ, թե որտեղ է ԱԲ-ն իրոք օգտակար, և որտեղ սխալը կարող է չափազանց թանկ նստել։
Որտե՞ղ ԱԲ-ն իսկապես կօգնի

Հասկանալ ֆինանսական տերմինները․ ԱԲ-ն կարող է պարզ բառերով բացատրել, թե ինչ է տարեկան փաստացի տոկոսադրույքը, գնաճը, պարտատոմսը կամ տոկոսների կապիտալացումը: Օրինակ, եթե բանկը ձեզ առաջարկում է վարկ դրամով, կարող եք խնդրել ԱԲ-ին բացատրել անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքների տարբերությունը և թե ինչու վարկի արժեքը գնահատելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն տոկոսները, այլև հաշվարկման կանոններով նախատեսված հավելյալ ծախսերը:
Պլանավորել ընտանեկան բյուջեն․ ենթադրենք՝ ձեր ընտանեկան բյուջեն կազմում է ամսական 500 հազար. դրամ։ ԱԲ-ն կօգնի հաշվարկել, թե այդ գումարի որ մասն է բաժին ընկնում պարտադիր ծախսերին՝ սնունդ, կոմունալ ծառայություններ, տրանսպորտ և երեխաների կրթություն, և որ մասը կարելի է ուղղել խնայողություններին: Կամ ցույց կտա, թե ինչպես կփոխվի վճարը այլ տոկոսադրույքի դեպքում:
Սակայն ելակետային տվյալները և ստացված արդյունքները պետք է ստուգի հենց օգտատերը, այսինքն՝ դուք: Ֆինանսական հաշվարկներն ավելի լավ է լրացուցիչ վերստուգել էլեկտրոնային աղյուսակի, բանկային պաշտոնական հաշվիչի կամ այլ հուսալի գործիքի միջոցով:
Օգտակար է նաև խնդրել ԱԲ-ին ցույց տալ բանաձևը, ելակետային տվյալները և հաշվարկի հաջորդականությունը: Սակայն նույնիսկ համոզիչ թվացող հաշվարկը կարող է սխալ լինել, ուստի արդյունքը հարկավոր է ստուգել։
Համեմատել բանկային առաջարկները․ պատկերացնենք, որ դուք ընտրում եք վարկ բնակարանի վերանորոգելու կամ կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար: ԱԲ-ն կարող է աղյուսակ կազմել հայկական բանկերի երկու առաջարկների համեմատության համար. վարկի գումար և ժամկետ, տարեկան փաստացի տոկոսադրույք, ամսավճար, միջնորդավճարներ և վճարումների ընդհանուր գումար:
Ընդ որում, արդիական պայմաններն անհրաժեշտ է վերցնել բանկերի պաշտոնական փաստաթղթերից։ ԱԲ-ն ինքը չպետք է փոխարինի գործող առաջարկների ստուգումը։
Պատրաստվել բանկի հետ զրույցին․ մինչև վարկ ձևակերպելը կարելի է խնդրել ԱԲ-ին կազմել հարցերի ցանկ. որն է վարկի լրիվ արժեքը, հնարավոր արդյոք այն մարել վաղաժամ, ինչ հետևանքներ են նախատեսված ժամկետանցի համար, արդյոք կարող է փոխվել տոկոսադրույքը, պահանջվում է արդյոք ապահովագրություն:
Նման ցանկը չի փոխարինում խորհրդատվությանը, բայց օգնում է բաց չթողնել կարևոր մանրամասները:
Որտե՞ղ ԱԲ-ն կարող է հիասթափեցնել

Ներդրումներ ընտրելիս․ եթե որոշել եք խնայողությունները ներդնել պետական պարտատոմսերում, բանկային ավանդում կամ արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերում, ԱԲ-ն կօգնի հասկանալ տարբերություններն ու ռիսկերը: Բայց չարժե ներդրումների գործիքն ընտրել միայն ԱԲ–ի խորհրդով. կարևոր են ներդրման ժամկետը, գումարն արագ հետ ստանալու հնարավորությունը, միջնորդավճարները, հարկերը և կորուստների պատրաստակամությունը:
Վարկ ձևակերպելիս․ նույնիսկ եթե ԱԲ-ն հաշվարկել է ամսավճարը, դա չի նշանակում, որ վարկը հնարավոր կլինի մարել: Օրինակ, ընտանիքին, որը վճարում է հիփոթեք և երեխայի ուսման համար, անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր պարտավորությունները, այլ ոչ թե միայն նոր վարկը: Վերջնական որոշումը պետք է հենվի իրական բյուջեի և պայմանագրի պայմանների վրա։
Հարկային հարցերում․ եթե դուք եկամուտ եք ստանում անշարժ գույքի վարձակալությունից, աշխատում եք ձեզ համար կամ եկամուտներ ունեք արտերկրից, ԱԲ-ն կարող է օգնության հասնել տերմինները հասկանալու և հարցեր պատրաստելու հարցում: Բայց կոնկրետ հարկային պարտավորությունները անհրաժեշտ է ստուգել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի գործող կանոնների և պաշտոնական պարզաբանումների համաձայն:
Գաղտնի տվյալների հետ աշխատելիս․ ֆինանսական հարցերը քննարկելիս չպետք է ԱԲ-ին փոխանցել բանկային քարտի լրիվ համարը, PIN-կոդը, CVV կամ CVC-կոդը, գաղտնաբառերը, մոբայլ բանկինգ մուտք գործելու տվյալները և հաստատման միանվագ կոդերը։
Նախքան պայմանագրի, բանկային քաղվածքի, հարկային փաստաթղթի կամ այլ ֆայլի բեռնումը՝ հեռացրեք կամ թաքցրեք հաշիվների համարները, անձնագրային տվյալները, հասցեները, ստորագրությունները և այլ տեղեկություններ, որոնք չեն պահանջվում վերլուծության համար:
Ֆինանսական փաստաթղթերը ԱԲ-սերվիսին փոխանցելուց առաջ ստուգեք դրա գաղտնիության քաղաքականությունը, տվյալների օգտագործման կարգավորումները և ներբեռնվող ֆայլերի պահպանման պայմանները։
Ինչո՞ւ ԱԲ–ն կարող է սխալվել
ԱԲ-ն պատասխանը ձևավորում է հարցման տեքստի, հասանելի համատեքստի և, եթե համապատասխան ֆունկցիաները միացված են, արտաքին աղբյուրների հիման վրա:
Կախված օգտագործվող ռեժիմից՝ այն կարող է չունենալ հասանելիություն բանկային ակտուալ սակագներին, օրենսդրության վերջին փոփոխություններին կամ պայմանագրի ամբողջական պայմաններին։
Նույնիսկ վեբ-որոնում օգտագործելիս գտնված տեղեկատվությունը կարող է լինել ոչ լիարժեք, հնացած կամ սխալ մեկնաբանված: Հետևաբար, կարևոր տեղեկությունները անհրաժեշտ է համեմատել պաշտոնական աղբյուրների հետ:
Բացի այդ, դուք՝ որպես օգտատեր, կարող եք չնշել էական հանգամանքները: Օրինակ՝ վարկի շահավետության մասին հարցի պատասխանը լիարժեք չի լինի առանց միջնորդավճարի, ապահովագրության, ժամկետի, արժույթի, վճարումների գրաֆիկի և վաղաժամկետ մարման հնարավորության մասին տեղեկության:
Գլխավոր վտանգն այն է, որ ԱԲ-ի սխալ կամ ոչ լիարժեք պատասխանը կարող է համոզիչ հնչել։
Ֆինանսական անվտանգության հինգ կանոն

ԱԲ-ն կարող է օգտակար լինել որպես ֆինանսական օգնական. բացատրել տերմինը, կառուցվածքավորել տեղեկատվությունը, համեմատել ընդհանուր սկզբունքները, պատրաստել աղյուսակ կամ կազմել հարցեր բանկի, բրոքերի, իրավաբանի կամ հարկային խորհրդատուի համար:
Բայց չարժե այն օգտագործել որպես ներդրումային, վարկային, հարկային կամ իրավաբանորեն նշանակալի որոշման միակ աղբյուր։
Որքան բարձր են հնարավոր ֆինանսական և իրավաբանական հետևանքները, այնքան կարևոր է պաշտոնական աղբյուրներով ստուգումն ու որակավորված մասնագետի խորհրդատվությունը:
Հետևաբար, նախքան ԱԲ-ի միջոցով որևէ ֆինանսական գործողություն կատարելը, հետևեք հինգ կանոններին.
- Ստուգե՛ք թվերը: Համեմատեք հաշվարկները բանկային հաշվիչների և էլեկտրոնային աղյուսակների հետ։
- Դիմե՛ք սկզբնաղբյուրներին: Ստուգեք ֆինանսական պրոդուկտների պայմանները բանկերի և Հայաստանի Կենտրոնական բանկի կայքերում։
- Մի՛ ընդունեք կույր որոշումներ: Օգտագործեք ԱԲ-ն տարբերակների վերլուծության համար, բայց ոչ որպես ֆինանսական որոշման միակ հիմք։
- Խնայե՛ք անձնական տվյալները: Մի՛ փոխանցեք ԱԲ-ին PIN-կոդեր, CVV/CVC, գաղտնաբառեր և հաստատման միանվագ կոդեր։ Մինչև քաղվածքի կամ պայմանագրի բեռնումը թաքցրեք ավելորդ անձնական տվյալները։
- Հաշվի առե՛ք սխալի գինը: Որքան լուրջ են հնարավոր ֆինանսական հետևանքները, այնքան կարևոր է անկախ ստուգումը և որակավորված մասնագետի խորհրդատվությունը։
Գլխավորը
Արհեստական բանականությունը կարող է դառնալ անձնական ֆինանսների կառավարման օգտակար օգնական՝ բացատրել բարդը, կառուցվածքավորել ծախսերը և օգնել պատրաստվել բանկի հետ զրույցին: Բայց համոզիչ պատասխանը միշտ չէ, որ նշանակում է ճիշտ։
Օգտագործեք ԱԲ-ն ձեր գումարներն ավելի լավ հասկանալու համար, ոչ թե առանց ստուգման դրան վստահեք ֆինանսական որոշումները։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

