ԱՄՆ–ն ու Իրանը ստորագրել են խաղաղության նախնական համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են խաղաղության նախնական համաձայնագիրը, հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի ԱԳՆ-ն։
60 օր ժամկետով փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Այն ստորագրված է։ Ստորագրված է Վերսալում։ Ես հենց նոր ստորագրեցի»,— հաստատել է Թրամփը Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։ Թրամփը միևնույն ժամանակ հերթական անգամ սպառնացել է վերսկսել հարձակումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները։
Հուշագրի տակ իր ստորագրությունն է դրել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Չորեքշաբթի ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները Էվիանում «Մեծ յոթյակի» երկրների հանդիպման ժամանակ հավաքել են լրագրողներին և նրանց համար ընթերցել 14 կետից բաղկացած հուշագրի տեքստը։
Համաձայնագիրը երկարաձգում է ապրիլին հայտարարված հրադադարը ևս 60 օրով, որպեսզի կողմերին հնարավորություն տրվի պայմանավորվել վերջնական զինադադարի շուրջ։
Թե՛ Թրամփը, թե՛ նրա թիմի անդամները ընդգծում են, որ առայժմ սա միայն հուշագիր է, և դրա դրույթները կկատարվեն միայն այն դեպքում, եթե Իրանն «իրեն լավ պահի»։

