ԱՄՆ–ն 49 Tomahawk հրթիռ է կիրառել Իրանի վրա հարվածների ժամանակ

11.06.2026, 10:46
Հինգշաբթի գիշերը ամերիկյան զինվորականները հերթական անգամ հարձակվել են Իրանի վրա
ԱՄՆ–ն 49 Tomahawk հրթիռ է կիրառել Իրանի վրա հարվածների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկյան զինված ուժերը հինգշաբթի օրը Իրանին հասցված հարվածների ընթացքում կիրառել են Tomahawk թևավոր հրթիռներ, որոնցով հագեցած են Արաբական ծովում գտնվող ականակիրները։ Այս տեղեկատվությունը նշված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հրամանատարությունը հրապարակել է նման հրթիռների արձակման տեսանյութը USS Michael Murphy ականակրից, որը գտնվում է Արաբական ծովում՝ Իրանից դեպի հարավ-արևելք տեղակայված ամերիկյան նավային խմբավորման կազմում։

ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալների համաձայն՝ ներկայումս CENTCOM-ի տնօրինության տակ կա 14 հրթիռային ականակիր։ Յուրաքանչյուր նավ, կախված սպառազինության համալրումից, կարող է կրել ծովային բազավորման առնվազն 32 Tomahawk թևավոր հրթիռ՝ 1,6 հազար կմ գործողության շառավղով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Իրանում թիրախներին հարվածներ հասցնելու ընթացքում կիրառվել է 49 Tomahawk հրթիռ և ներգրավվել են կործանիչներ՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը խոցելու համար։ Նրա խոսքով՝ թիրախները գտնվել են Պարսից ծոցի իրանական ափին, իսկ որոշները՝ Թեհրանից 65 կմ հեռավորության վրա։

Ինչպես հայտնել են CENTCOM-ում, գործողության ընթացքում ամերիկյան զինված ուժերը «հարվածներ են հասցրել իրանական ռազմական օդային դիտարկման միջոցներին, կապի համակարգերին և հակաօդային պաշտպանության օբյեկտներին Իրանի ողջ տարածքում։ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը, Ռազմաօդային և Ռազմածովային ուժերը բարձր ճշգրտության զինամթերք են արձակել իրանական թիրախների ուղղությամբ, որոնք սպառնալիք էին ներկայացնում ամերիկյան զորքերի և տարածաշրջանային ջրերով տարանցիկ անցնող միջազգային առևտրային նավերի համար»։

Հինգշաբթի գիշերը ամերիկյան զինվորականները հերթական անգամ հարձակվել են Իրանի վրա։ CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են «ինքնապաշտպանության նպատակով» և հանդիսացել են «պատասխան Իրանի չարդարացված և շարունակվող ագրեսիային»։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ հզոր պայթյուններ են գրանցվել երկրի վեց շրջաններում։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել են Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին։